ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կառավարության` փետրվարի 28-ի նիստում ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 1-ի N 581-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի մասին» նախագիծը:
Նա հայտնեց, որ յուրաքանչյուր տարի` մինչև մարտի 1-ը կառավարությունը ԱԺ է ներկայացնում նախորդ տարում իր ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույց: Գրիգորյանը հայտնեց, որ ներկայացվում է 2018 թ. հավանության արժանացած կառավարության ծրագրի վերաբերյալ զեկույցի նախագիծը: Այն այսօր կներկայացվի ԱԺ:
«Զեկույցն ունի կառավարության ծրագրի կառուցվածքը, ըստ այդմ՝ բոլոր շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն, ըստ ոլորտների, ինտենսիվ աշխատել են հատվածների վրա, ընդհանուր առմամբ բոլորս նախագծի տեքստին ծանոթ ենք, բոլոր կետերը կամ դրույթները, որոնց անդրադարձ չի կատարվել, արտացոլված են նոր ծրագրում, և կառավարության հանձնառությունները վերահաստատվել են նոր ծրագրում, ըստ այդմ՝ կարծում եմ, որ բոլոր հարցերը և ամբողջ տեղեկատվությունն ամփոփված է: Խնդրում եմ հավանություն տալ զեկույցի նախագծին»,- ասաց նա:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հիշեցրեց՝ նիստից կես ժամ առաջ խնդրել էր, որ մեկ-երկու խմբագրական փոփոխություն անեն, եթե հասցնում են: Գրիգորյանը խոստացավ անել այդ փոփոխությունները, ապա հայտնեց՝ Կառավարության նիստի ավարտից հետո ևս մեկ ժամ զուտ խմբագրական կամ տեխնիկական բնույթի առաջարկներ եթե լինեն, կհասցնեն խմբավորել:
ՀՀ մշակույթի փոխնախարար Նազելի Ղարիբյանը նկատեց՝ մշակույթի մասը բավական կարճ է, տվյալներ կան, որ ներառված չեն, բայց որոնք բխում են քաղաքականությունից, ռազմավարությունից, ուստի ցանկալի կլիներ, որ մի քանի տվյալներ ևս ընդգրկվեին:
Գրիգորյանն ասաց՝ զեկույցը պետք է ունենա որոշակի կառուցվածք, եթե բոլորը փորձեն այս զեկույցում արտացոլել այն ամենը, ինչ իրականացված է, զեկույցը կլինի անվերջ, չափելի և անչափելի: Նա խոստացավ կրկին նայել, բայց չխոստացավ ներառել այդ տվյալները, քանի որ չափի և ծավալի սկզբունքը կխախտեն:
Ղարիբյանը նկատեց՝ խոշոր իրադարձությունները համամասնորեն չեն ներկայացված:
«Մերը մի պարբերություն է, Սպորտի նախարարությանը՝ հինգ անգամ ավելի»,- ասաց նա:
«Սպորտն էլ կկրճատենք, խնդիր չկա»,- կատակով արձագանքեց Գրիգորյանը:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ հիշեցրեց՝ դեռ մեկ ժամ կա, կարելի է քննարկել, ապա խոստացավ, որ բոլոր խելամիտ առաջարկները կընդունվեն: