Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել։ Հայտնում է aysor.am-ը։
«Կանոնադրության համաձայն՝ դիմումը հիմք է ընդունվել, Կարեն Կարապետյանն այլևս կուսակցական չէ»,-ասաց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:
Հիշեցնենք Կարեն Կարապետյանը հունիսի 21-ին ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ հայտարարել էր, որ որոշել է հրաժարվել Հանրապետական կուսակցության առաջին փոխնախագահի պաշտոնից։
Կարեն Կարապետյանը 2016-ի նոյեմբերի 24-ի կառավարության նիստում հայտարարել էր, որ դիմում է գրել՝ անդամակցելու Հայաստանի Հանրապետական կուսակցությանը։
Նա հայտարարել էր՝ «Ինձ հարազատ է ՀՀԿ-ի գաղափարախոսությունը, այնտեղ ինձ համար ընդունելի մարդիկ կան»։
Նշենք, որ Կարեն Կարապետյանը մոտ ժամանակներում կընդգրկվի «Зарубежнефть» ռուսական պետական ընկերության տնօրենների խորհրդում։ Կ. Կարապետյանը կստանա անկախ տնօրենի պաշտոնը։