Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Հիմնական նպատակն ինքնակամ շինարարության դեմ պայքարում առավել արդյունավետ իրավական մեխանիզմների նախատեսումն է: Մասնավորապես, օրենսդրական փաթեթով նախատեսվում են հետևյալ հիմնական կարգավորումները՝ օրենսդրական փաթեթի ուժի մեջ մտնելուց հետո արգելվելու է ինքնակամ կառույցների օրինականացումը, վերջիններս ենթակա են լինելու քանդման:
Ինչ վերաբերում է մինչև օրենքի ուժի մեջ մտնելը կառուցված ինքնակամ կառույցներին, ապա դրանց նկատմամբ կիրառվելու են մինչօրենսդրական գործող կարգավորումները»,- ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը:
Նրա խոսքով՝ մինչև օրենքի՝ ուժի մեջ մտնելը կառուցված ինքնակամ շինությունների օրինականացման նպատակով անհրաժեշտ է լինելու միայն դրանք հաշվառել Կադաստրի կոմիտեում:
Խոսելով 2022 թվականի հունվարի 1-ից առաջ կառուցված ինքնակամ շինությունների մասին՝ Թումանյանցը տեղեկացրեց, որ Երևանում դրանց հաշվառումը պետք է իրականացվի մինչև 2023 թվականի հունվարի 1-ը:
Մյուս քաղաքներում կառուցված ինքնակամ շինությունների հաշվառումը պետք է իրականացվի մինչև 2024 թվականի հունվարի 1-ը:
Գյուղական համայնքներում էլ գործընթացը պետք է իրականացվի մինչև 2025 թվականի հունվարի 1-ը: