Խախտումներ

Կասեցվել է սննդամթերքի արտադրություն. ՍԱՏՄ

Մի խումբ քաղաքացիների դիմում-բողոքի հիման՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները պետական վերահսկողության միջոցառումներ են անցկացրել Արմավիրի մարզի Շահումյան համայնքում գործող անհատ ձեռնարկատեր Յուրի Ռափյանի կաթնամթերքի արտադրությունում:

Ստուգումը պարզել է, որ կաթնամթերքի արտադրությունն իրականացվել է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ. տեխնոլոգիական գործընթացը կազմակերպված չի եղել այնպես, որ բացառվի հումքի և կիսապատրաստվածքների հանդիպակաց հոսքը պատրաստի սննդամթերքի հետ, չեն եղել հանդերձարաններ, չեն անցկացվել միջատների և կրծողների դեմ պայքարի միջոցառումներ, աշխատակիցները չեն անցել նախնական բուժզննություն և չեն ունեցել սանգրքույկներ։

Բացի այդ, թողարկվող արտադրանքը չի ունեցել համապատասխանության հայտարարագիր, հայերեն մակնշում, արտադրողը չի իրականացրել հումքի և պատրաստի արտադրանքի որակի և անվտանգության ցուցանիշների, ինչպես նաև վնասակար նյութերի քանակության նկատմամբ լաբորատոր հսկողություն:

Անհատ ձեռնարկատեր Յուրի Ռափյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

Այս մասին հայտնում է սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ