ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտնել է, որ Հայաստանի, Ֆինլանդիայի և Չեխիայի Հանրապետության հաստատությունների և փորձագետների համագործակցությամբ իրականացվող՝ «Կենսաբազմազանության հզորացված պաշտպանություն և կայուն օգտագործում Հայաստանում՝ Եվրոպական միության չափանիշներին համապատասխան» Թվինինգ ծրագրի շրջանակներում մշակվել է նոր www.biodiversity.am կայքը։
«Հայաստանում կենսաբազմազանությամբ հետաքրքրված մարդիկ կարող են կայքում ծրագրի, դրանում ներգրավված հաստատությունների և հատկապես ծրագրի նպատակների և գործողությունների մասին մանրամասն տեղեկություններ գտնել։ Կայքը մշտապես թարմացվում է, և կանոնավոր կերպով հրապարակվում են ծրագրի աշխատանքների և ընթացքի վերաբերյալ բոլոր նորությունները։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և այլ հաստատությունների ներկայացուցիչների՝ կայքում հասանելի հարցազրույցները ներկայացնում են ծրագրի շրջանակն ու կարևորությունը։
Դրանից բացի, կայքում նախատեսվում է հրապարակել ծրագրին առնչվող համապատասխան փաստաթղթերն ու արդյունքները։
- Արջի քոթոթի սպանության առթիվ Շրջակա միջավայրի նախարարությունը դիմել է ոստիկանություն
- Շրջակա միջավայրի նախարարությունը հրապարակել է Ամուլսարի վերաբերյալ եզրակացությունը
Յուրաքանչյուր ոք կարող է կապ հաստատել ծրագրի թիմի հետ մեր կայքի միջոցով, ինչպես նաև ներկայացվող աշխատանքների վերաբերյալ հարցեր և մեկնաբանություններ ուղարկել։ Այժմ ծրագրի ընթացքին կարելի է հետևել նաև ֆեյսբուքյան էջով։
«Շատ ուրախ ենք, որ արդեն ունենք նոր հաղորդակցության գործիք, որի շնորհիվ կարող ենք ներկայացնել Հայաստանի բնական ժառանգության կարևորությունն ու եզակի արժեք լինելը։ Հուսով ենք, որ բնության պահպանության հարցերով հետաքրքրված հանրույթից մեծ թվով արձագանքներ կստանանք մեր աշխատանքների վերաբերյալ»,- նշել է Չեխիայի Հանրապետության բնության պահպանության գործակալության հանրային կապերի փորձագետ Տոմաշ Ռուժիչկան։
Այս երկամյա ծրագրի հիմնական նպատակը կենսաբազմազանության հզորացված պաշտպանությունն ու կայուն օգտագործումն է Հայաստանում՝ միջազգային (եվրոպական) չափանիշներին համապատասխան։ Այն նպատակաուղղված է բնության և կենսաբազմազանության պահպանության ոլորտում օրենսդրական փոփոխություններին և ինստիտուցիոնալ աջակցության տրամադրմանը։ Ծրագիրը իրականացվում է Չեխիայի Հանրապետության բնության պահպանության գործակալության, Ֆինլանդիայի բնապահպանության ինստիտուտի (SYKE) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համատեղ ջանքերով»,- ասվում է հաղորդագրության մեջ: