fbpx
Հասարակություն

Կյանքից հեռացել է կինոօպերատոր Ռուդոլֆ Վաթինյանը

Կինեմատոգրաֆիստների միությունը հայտնում է, որ կյանքից հեռացել է Ռուդոլֆ Վաթինյանը:

«ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է ՌՈՒԴՈԼՖ ՎԱԹԻՆՅԱՆԸ

Հայկական կինոն և հայ մշակույթը կրում են հերթական ծանր կորուստը:

Կյանքից հեռացել է հայ կինոօպերատորական դպրոցի լավագույն ներկայացուցիչներից՝ տաղանդաշատ կինոօպերատոր, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ, հայկական բազմաթիվ սիրված ֆիլմերում սեփական ձառագիրը թողած արվեստագետ ՌՈՒԴՈԼՖ ՎԱԹԻՆՅԱՆԸ:

Նա իր ողջ ստեղծագործական կյանքը նվիրել է կինոյին, հայ կինոյին՝ թողնելով կինոօպերատորական արվեստի յուրօրինակ ընկալումներ: Նրա ուղին անցել է մոսկովյան հեղինակավոր կինոինստիտուտից՝ ՎԳԻԿ-ից մինչև «Հայֆիլմ» կինոստուդիայի լավագույն տարիներ, երբ ստեղծագործական կյանքը արվեստագետի սկզբունքների դրսևորման ուրույն ճանապարհ էր:
Նրա անունն ուղղակիորեն շաղկապված է հայ կինոյում հավերժորեն մնացած անհատականությունների՝ Յուրի Երզնկյանի, Կարեն Գևորգյանի, Ալբերտ Մկրտչյանի և այլոց ու նրանց կերտած ֆիլմերի ստեղծագործական ընթացքի հետ՝ այդ ընթացքում թողած եզակիորեն տարբերվող ձեռագրով, արվեստային մտահղացումներով:

«Խաթաբալա», «Այս կանաչ, կարմիր աշխարհը», «Շեկ ինքնաթիռ», «Խոհարարները եկել են մրցույթի», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն», «Գիշերում առկայծող կրակը», «Շնչառություն», «Ուրախ ավտոբուս», »Քրմուհին» և այլն: Ահա այն ֆիլմերի ոչ ամբողջական ցանկը, որոնցում առկա է Ռուդոլֆ Վաթինյան արվեստագետը, նրա կինոմտածողությունը, նրա կինոընկալումը:

Ռուդոլֆ Վաթինյանը երկար տարիներ զբաղեցրել է նաև ղեկավար պաշտոններ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում՝ դրսևորելով կառավարչական, մարդկային, գործընկերային իր ունակություններն ու հմտությունները:
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության, միության վարչության, կինոհանրության անունից խորապես ցավակցում ենք ՌՈՒԴՈԼՖ ՎԱԹԻՆՅԱՆԻ ընտանիքի անդամներին, հարազատներին, մերձավորներին, բարեկամներին:
Հանգչիր խաղաղությամբ, սիրելի գործընկեր»:

https://www.facebook.com/armenianunionoffilmprofessionals/posts/2525611624398179

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ