Հոնկոնգցի հայտնի դերասան Լոուրենս Նգ-ն հայտարարել է, որ պայմանագիր է կնքել պրոդյուսերական ընկերության հետ՝ իր 20-ամյա կերպարի թվային պատճենն օգտագործելու համար։ 8Days-ի փոխանցմամբ՝ 62-ամյա դերասանը, որը ներկայումս գովազդում է իր նոր՝ Deadly Sins քրեական դրաման, նշել է, որ արդեն տեսել է աշխատանքի վերջնական արդյունքը և գոհ է դրանից։
Նգ-ն ընդգծել է, որ համաձայնագիրը հիմնված է համապարփակ իրավական պայմանագրի վրա, ինչը բացառում է իր թվային կերպարի չարաշահման հնարավորությունը։ Դերասանի խոսքով՝ այս տեխնոլոգիան թույլ է տալիս նրան «վերապրել» գլխավոր դերում հանդես գալու զգացողությունը՝ առանց նկարահանման հրապարակում ֆիզիկապես ներկա գտնվելու։
Անդրադառնալով արհեստական բանականության (AI) հետ կապված մտավախություններին՝ Նգ-ն այն չի դիտարկում որպես սպառնալիք մասնագիտությանը։ Ընդհակառակը, նա այն համարում է եկամտի նոր աղբյուր և կարիերայի զարգացման նոր ուղի։ «Ապագայում ես կարող եմ պարզապես նստել և աշխատանքը կատարված կլինի»,- կատակել է դերասանը՝ նշելով, որ նմանատիպ լիցենզավորման վճարները բավականին գրավիչ են։
Նգ-ի համոզմամբ՝ AI-ի միջոցով ստեղծված կերպարները և դասական դերասանական խաղը կարող են հաջողությամբ գոյակցել կինոարտադրությունում։ Դերասանը կարծում է, որ սա դրական զարգացում է, որը նոր հնարավորություններ է բացում դերասանների համար՝ անկախ նրանց տարիքից կամ ֆիզիկական հնարավորություններից։

