fbpx
Տնտեսություն

Լեհական հոլդինգը մտադիր է Հայաստանում տրակտորների արտադրություն սկսել

Դեկտեմբերի 14-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ընդունել է լեհական «Փոլ-Մոտ» հոլդինգի պատվիրակությանը հոլդինգի փոխտնօրեն Մառեկ Փոլի գլխավորությամբ, տեղեկացնում են Ավինյանի գրասենյակից։

Ըստ աղբյուրի, Տիրգան Ավինյանը վերհիշել է, որ մի քանի ամիս առաջ Վանաձոր այցելության ընթացքում հայկական «Սլացք» ընկերության գործունեության հետ ծանոթացումը և լեհական հոլդինգի կողմից Հայաստանում տրակտորների արտադրություն սկսելու իր գրասենյակ ուղարկված առաջարկը զուգադիպել էին, և այժմ ուրախ է, որ համագործակցություն հաստատելու ուղղությամբ լուրջ քայլեր են արվում: Նա նաև հավելել է, որ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս օտարերկրյա ներդրողների հետ աշխատանքին և աջակցելու է «Փոլ-Մոտ»-ի գործունեությանը Հայաստանում:

Մառեկ Փոլը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ասել, որ մտադրություն ունեն, օգտագործելով «Սլացքի» կարողությունները և լեհական տեխնոլոգիաները, «Ուրսուս» մակնիշի տրակտորների արտադրություն հիմնել Հայաստանում, որոնք կօգտագործվեն ինչպես երկրի ներքին շուկայի համար, այնպես էլ կարտահանվեն այլ երկրներ:

Այս առումով Տիգրան Ավինյանը նշել է, որ երկրում տրակտորների պարկը արդեն բավականին հնացած է և Հայաստանում արտադրված տրակտորներով դրանք փոխարինելը ցանկալի հեռանկար կլինի:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև այլ ոլորտներում համագործակցության հնարավորություններին: Մասնավորապես, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Փոլ-Մոտ հոդլինգն արտադրում է նաև «Ուրսուս Բաս» էլեկտրական և դիզելային ավտոբուսներ, քննարկվել է Հայաստանում ավտոբուսներ արտադրելու հնարավորությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ