fbpx
Խորհրդարան

Լիլիթ Մակունցի ելույթը Միջխորհրդարանական միության 141-րդ նստաշրջանում

ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Մակունցը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 141-րդ նստաշրջանում: Ելույթը ներկայացնում ենք ստորև:

«Հարգարժան տիկին նախագահ,

մեծարգո գործընկերներ և պատվիրակներ,

ժողովրդավարության միջոցով են ձևավորվում լեգիտիմ կառավարություններ և ժողովրդավարությունն է, որ հնարավորություն է ընձեռում ունենալ անվտանգ տարածաշրջաններ և հարևաններ: Հայաստանի ժողովրդավարության երաշխիքը, մեր կառավարության և խորհրդարանի հեղինակությունը, օրինականությունը և մեր քաղաքական կամքն են, որ նպաստում են երկրի՝ ավելի ուժեղ, ավելի ճկուն լինելուն և ներկայացնում են մեզ ինքնիշխանության պաշտպանի ավելի պատկառելի դիրքերից:

Հայաստանը՝ որպես ցեղասպանություն տեսած պետություն և հայ ժողովուրդը՝ որպես ցեղասպանություն վերապրած ազգ, աշխարհում կատարվող ցանկացած ոճրագործություն առանձնակի ցավալի է ընկալում: Պատերազմը, կապված Արցախի ապագայի և ճակատագրի հետ, մեր ընտրությունը չէր, այն պարտադրվել էր մեզ: Սակայն «ստատուս քվոյի» իրավիճակում մենք մնում ենք հավատարիմ խաղաղությանը, շարունակում ենք ներգրավված մնալ խաղաղության գործընթացում՝ դիվանագիտությունը զենքի ուժից վեր դասելով: Սակայն, ցավոք, մենք չունենք «խաղաղության հուսալի գործընկեր»:

Երեկ Ադրբեջանի մեր գործընկերը խոսեց միջազգային իրավունքի մասին՝ չնշելով հիմնաքարային իրավունքներից մեկը՝ ազգերի ինքնորոշման իրավունքը: Վերհիշելով պատմությունը՝ մենք բոլորս գիտենք և հիշում ենք, թե ինչպես որոշ ազգեր դարձան ԽՍՀՄ տարիներին անարդար որոշումների զոհ, որոնց շարքում էին նաև Արցախի հայերը, ովքեր դարեր շարունակ ապրել են իրենց պատմական բնօրրանում: Եվ 1990-ական թվականներին՝ Խորհրդային Միության փլուզումից առաջ, Լեռնային Ղարաբաղն իրացրել է իր ինքնորոշման իրավունքը և անկախացել՝ միջազգային իրավունքի և այն ժամանակ դեռ գոյություն ունեցող ԽՍՀՄ Սահմանադրության համաձայն: Իհարկե, ադրբեջանցի մեր գործընկերն իրավունք ունի մեջբերել Հայաստանի վարչապետի խոսքը, սակայն նա մոռացել է մեջբերել մեր վարչապետի ելույթի առանցքային և հայեցակարգային մասը, որտեղ նշվում է, որ հարցի կարգավորումը պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար, որը միտված է նախապատրաստելու ժողովուրդներին խաղաղության՝ ավելի գործնական մակարդակում: «Ռազմատենչ տրամադրություններ» հրահրելու և սեփական երկրի ներսում հատվածական ծափողջույնների արժանանալու փոխարեն ավելի խելամիտ կլիներ երկարաժամկետ տեսլական ունենալ վերոնշյալ խաղաղության գաղափարի հետ կապված և խոսել հենց դրա մասին:

Հարգելի գործընկերներ, վերջին մի քանի օրերին մենք խոսում ենք շրջակա միջավայրի, միջազգային իրավունքի, ինչպես նաև բռնության անընդունելի լինելու մասին: Մեր ձայնն այստեղ հնչեցնելը և աղմուկի փոխարեն ներդաշնակություն սփռելը կարող է վճռորոշ լինել խնդիրների հասցեագրման, ինչպես նաև միջազգային իրավունքի պաշտպանման տեսանկյունից: Ամուր նյարդեր են պետք ունենալ՝ դիմակայելու այն ամենին, ինչ կատարվում է այս օրերին Սիրիայում, և թե ինչպես հազարավոր անմեղ մարդիկ և երեխաներ են զրկվում կյանքից, երազանքներից և գոյության իրավունքից՝ ապրելու այն երկրում, որտեղ ծնվել են և որի մասնիկն են հանդիսանում: Միգուցե ժամանակն է մեզ բոլորիս, հատկապես կանանց համար, առաջնորդողի դեր ստանձնել բնակչության առավել խոցելի խմբերի իրավունքները պաշտպանելու և երաշխավորելու համար (ինչպես քրդերի դեպքում այս պարագայում), և այդ նպատակով օգտագործել Միջխորհրդարանական միությունը որպես ամենաազդեցիկ հարթակներից մեկը»:

Այս մասին հայտնում է Ազգային ժողովի պաշտոնական կայքը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ