Ամերիկյան երգիչ Քրիս Բրաունը հոկտեմբերի 26-ին Լոնդոնի Սաութվարկի թագավորական դատարանում դատապարտվել է ութ ամսվա ազատազրկման, որը պայմանականորեն կիրառվելու է մեկ տարվա փորձաշրջանով։ Ինչպես հաղորդում է ABC30-ն, դատավճիռը կայացվել է այն բանից հետո, երբ երգիչը հուլիս ամսին ընդունել է մեղավորությունը 2023 թվականին լոնդոնյան գիշերային ակումբներից մեկում տեղի ունեցած խուլիգանության (affray) գործով: Միջադեպի հետեւանքով տուժել էր երաժշտական պրոդյուսեր Աբրահամ Դիաուն, որը ստացել էր գլխի եւ ծնկի վնասվածքներ:
Դատական նիստի ընթացքում, ինչպես տեղեկացնում է BBC-ն, դատավոր Տոնի Բաումգարտները հանրությանն է ներկայացրել տեսանկարահանող սարքերի ձայնագրությունները: Կադրերում երեւում է, թե ինչպես է 37-ամյա Բրաունը տեքիլայի շշով հարվածում Դիաուին՝ ներառյալ ուղղակի հարվածներ գլխին: Դատավորը շշի կրկնակի գործածումը որակել է որպես «ակնհայտ վտանգավոր»՝ հաշվի առնելով նեղված և մարդաշատ միջավայրը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ ամբաստանյալները հետապնդել են տուժողին նույնիսկ այն ժամանակ, երբ վերջինս փորձել է հեռանալ:
Դատական որոշումը և համամբաստանյալի պատիժը
Բրաունի հետ միասին դատարանի առջեւ է կանգնել նրա համամբաստանյալ, վոկալի մարզիչ 40-ամյա Օմոլոլու Աքինլոլուն, ով նույնպես մեղավոր էր ճանաչվել խուլիգանության հոդվածով: Աքինլոլուն դատապարտվել է չորս ամսվա պայմանական ազատազրկման: Դատավորը նշել է, որ չնայած Աքինլոլուի դերը միջադեպում եղել է նշանակալի, նա, ի տարբերություն Բրաունի, չի սկսել վիճաբանությունը եւ շիշ չի օգտագործել:
Համաձայն դատարանի վճռի՝ երկու ամբաստանյալներն էլ պարտավորվել են յուրաքանչյուրը վճարել 1,500 ֆունտ ստերլինգ՝ որպես մեղադրանքի կողմի ծախսերի փոխհատուցում: Ինչպես նշում է Hindustan Times-ը, սկզբնական շրջանում Բրաունին սպառնում էր մինչեւ երեք տարվա ազատազրկում, սակայն մեղավորությունն ընդունելու դիմաց դատախազությունը հրաժարվել է ծանր այլ մեղադրանքներից, այդ թվում՝ ծանր մարմնական վնաս պատճառելու փորձից եւ զենքի գործադրմամբ հարձակումից:
Նախապատմություն եւ միջազգային համատեքստ
2023 թվականի փետրվարյան միջադեպից հետո Բրաունը լքել էր Մեծ Բրիտանիան, սակայն 2025 թվականի մայիսին ձերբակալվել էր Մանչեսթերի հյուրանոցներից մեկում՝ համերգով քաղաք ժամանելիս։ Մինչեւ դատավարությունը նա ազատ էր արձակվել 5 միլիոն ֆունտ ստերլինգ (6.7 միլիոն դոլար) գրավի դիմաց, ինչը թույլ էր տվել նրան անցկացնել Հյուսիսային Ամերիկայի եւ Եվրոպայի հյուրախաղերը::
Երգչի իրավական վեճերի պատմությունը ներառում է մի շարք այլ դրվագներ՝ սկսած 2009 թվականի դատվածությունից՝ նախկին ընկերուհու՝ Ռիհաննայի նկատմամբ բռնություն գործադրելու համար: Չնայած երաժշտական հաջողություններին, այդ թվում՝ 2011 եւ 2025 թվականների «Գրեմմի» մրցանակներին, Բրաունի անունը պարբերաբար հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում ԱՄՆ-ում եւ այլ երկրներում տեղի ունեցած միջադեպերի պատճառով:
Դատական մոտեցումը եւ հետագա քայլերը
Դատավոր Բաումգարտնեգը ընդգծել է, որ չնայած հարձակման ծանրությանը, իրական ազատազրկում չի կիրառվել՝ հաշվի առնելով կատարված խոստովանությունը եւ վերջին տարիներին պահպանված օրինապահ վարքագիծը: Դատավճիռը նպատակ ունի լինել պատիժ, միաժամանակ թողնելով մեկամյա փորձաշրջանային վերահսկողություն: Երկու մեղադրյալներն էլ այս պահին խուսափել են բանտարկությունից, սակայն մնում են պայմանական պատժի տակ:

