fbpx
Քաղաքականություն

ԼՂ հարցը ոչ իմ, ոչ էլ, նամանավանդ, Նիկոլ Փաշինյանի տեսիլքի տիրույթում չէ. Հայրապետյան

Azat TV-ին Նիկոլ Փաշինյանի ասուլիսի և դրան հաջորդած հայտարարությունների թեմայով զրուցել է «ՁԱՅՆ» լիբերթար-պահպանողական կուսակցության նախագահ Արուսյակ Հայրապետյանի հետ։

– Ինչպե՞ս եք գնահատում ասուլիսի ժամանակ վարչապետին տրված հարցադրումները Արցախի հետ կապված, արդյո՞ք նման հարցադրումները և դրանց պատասխանները այս փուլում ճիշտ էր։

– Հարցեր միշտ պիտի տրվեն, հատկապես՝ պետական պաշտոնյաներին, հատկապես՝ երկրի ղեկին նստած մեկին։ Ինչ վերաբերվում է կոնկրետ այս ղեկավարին ու իր ասուլիսներին՝ դրանցից, կարծում եմ, որևէ ողջամիտ մարդ այլևս որևէ արժեքավոր բան չի սպասում։ Ի դեպ, ասուլիսին վարչապետն ավելի շատ ինքն իրեն տված իր հարցերին էր պատասխանում, և այն պահից սկսած, երբ իր իրեն տրված հարցերը դեռևս «մեղավոր եմ, որ հող եմ հանձնել» «մեղավոր եմ, որ հող չեմ հանձնել» և բացառապես իրեն վերաբերվող էգոցենտրիկ նարատիվում են, անհասկանալի է, թե ինչի համար են այս ասուլիսները, եթե ոչ ֆեյսբուկյան մակարդակի քննարկումներին շարունակություն տալը։

Մինչդեռ հարցեր պիտի հնչեցվեն, այո, բայց մենք դեռևս չունենք քաղաքական դիսկուրսի և լրագրողական աշխատանքի այնպիսի մակարդակ, որ այդ հարցերն ու դրանց վրա հիմնված ասուլիսները ծառայեն քաղաքացուն։ Ցավով պիտի նշենք, ու այս ասուլիսն էլ դրան ապացույց, որ մենք դեռևս պրոպագանդայի մակարդակում ենք, մշտապես ապատեղեկացված, ինչպես էինք պատերազմից առաջ և դրա ընթացքում։ Վարչապետը որևէ հարցի կոնկրետ կամ հստակ պատասխան չտվեց, և չէր էլ կարող տալ։

 – Ըստ ձեզ՝ Նիկոլ Փաշինյան մոտեցումներ փոխվե՞լ են, թե՞ ոչ, և դա ու՞ր է տանում։

– Քանի որ այս վարչապետին միշտ բնորոշել է անորոշակիությունն ու լղոզվածությունը, ինչպես պարզ չէր, թե որն էր իր մոտեցումը երեք տարի առաջ, երբ եկավ կառավարելու, 2020 թվականի սեպտեմբերի 26-ին, կամ նոյեմբերի 10-ին, այնպես էլ, գոնե ինձ համար, պարզ չէ, թե այս մարդն ուր է գնում, ու ըստ այդմ՝ ուր է տանում Հայաստանի Հանրապետությունը։

– Ինչպե՞ս եք տեսնում ԼՂ հարցի լուծումը, ի՞նչ հնարավորություններ ունենք, հնարավո՞ր է հայանպաստ լուծումներ լինեն։

– ԼՂ հարցը ոչ իմ, ոչ էլ, նամանավանդ, Նիկոլ Փաշինյանի տեսիլքի տիրույթում չէ։ Այլ Ռուսաստանի։ Ռուսաստանում է որոշվել և որոշվում ԼՂ ճակատագիրը։ Առաջ էլ էր այդպես, սակայն պահպանվում էր իլյուզիա, թե մենք ինչ որ բան ենք որոշում, բայց այդ իլյուզիան հօդս զնդեց 44-օրյա պատերազմի ընթացքում և հետո տեղի ունեցած իրադարձություններով։ Հայանպաստ լուծումներ Հայաստանի Հանրապետությունում կսկսեն նշմարվել միայն այն ժամանակ, երբ երկրի ղեկին կլինեն սուվերեն ղեկավարներ։ Վարչապետի կմկմոցները ձեզ ապացույց։ Մինչ այդ՝ մենք նույն տեղում դոփելու ենք, լավագույն դեպքում։ Իսկ վատագույն սցենարներն արդեն հնչում են հայաստանյան լրատվական դաշտում, որը, եթե ողջ ամբողջովին, ապա գոնե 99 % նույնպես ռուսական ազդեցության տակ է, ու ֆինանսավորվում է ռուսական տարբեր ազդեցության գործակալների կողմից։

– Ասուլիսի մասով Արցախի նախագահն ու ԱԺ-ն հանդես եկան հայտարարություններով՝ նկատելով որոշ իրենց գնահատմամբ անթույլատրելի եզրույթներ, որոնք դեմ են արցախահայության կամարտահայտմանն, ու այլ խնդիրներ ևս ձևակերպեց են։ Սրանց էլ հետևեց վարչապետի պատասխանները։ Ինչպե՞ս կգնահատեք այս իրադարձությունները։ Ինչի՞ կարող են հանգեցնել նման առճակատումները։

– Իսկ ո՞րն է Արցախահայության կամքը։ Մենք գիտե՞նք։ Ցանկալի կլիներ, որ այն հստակ հնչեցվեր։ Գիտեք, պատեհապաշտ, պահի ազդեցությամբ ու երկկոպեկանոց հայրենասիրություն խաղալը եթե դեռ հասկանալի է սիրողական տիրույթում, ապա իրեն քաղաքական գործիչ համարող ամեն ոք, լինի Արցախի նախագահ , թե ԱԺ պատգամավոր, իրեն պիտի թույլ չտա, ընդհանրապես, և այսօր, Հայաստանի Հանրապետության համար ճակատագրական այս ժամանակահատվածում՝ հատկապես։ Սակայն մենք հասկանում ենք չէ՞, թե իրականում այս մարդիկ, ովքեր ամենքն էլ մի կենտրոնից ակտիվացվող ու հանգստացվող էլեմենտներ են, ուր են տանում։ Սա հերթական դավադրությունն է Հայաստանի քաղաքացիների դեմ, Հայաստանի Հանրապետության դեմ, երբ փորձ է արվում արհեստական սեպ խրել հայաստանցի-արցախցի դիսկուրսով։ «Սև կամ սպիտակ»ից, «ոչմիթիզական կամ տանքպրծնենք», «ռուսամետ կամ արևմտամետ» պրիմիտիվ բևեռացումների հաջորդ սերիան է սա, հանրությունը պառակտող։

Ամեն ոք, ով կխոսի հայաստանցի արցախցի պառակտման մասին, Հայաստանի Հանրապետության թշնամին է, սա ֆիքսենք։ Իսկ Արցախի հայությունը լավ կանի, որ սկսի հստակ ձևակերպել իր կամքն ու այն կոմունիկացնել, պահանջներ ներկայացնելով ոչ միայն Հայաստանի Հանրապետությանը, այլ Ադրբեջանին, Ռուսաստանին, Մինսկի խմբի երկրներին, միջազգային հանրությանը, ուղիղ՝ որպես ինքնորոշման ընդունակ ու սուվերեն լինելու համար կանգնելու պատրաստ միջազգային խաղացող, սուբյեկտ։ Դա չափազանց կօգնի հենց Արցախին ու նաև Հայաստանին։ Արցախահայության ինքնորոշման ունակությունից շատ բան է կախված Հայաստանի ապագայի համար ևս։

Հովեյան Վիկտորյա

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ