Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրավիճակն Իրանի շուրջ։
Ինչպես տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, կողմերը քննարկել են իրավիճակը, որն ստեղծվել է Գործողությունների համապարփակ համատեղ ծրագրից (ԳՀՀԾ) ԱՄՆ դուրս գալուց հետո։ Երկու կողմերն ընդգծել են, որ ԳՀՀԾ-ն Մերձավոր Արևելքում անվտանգության ապահովման և միջուկային չտարածման ռեժիմի պահպանման կարևոր գործոն է։ Նշվել է բոլոր պետությունների ջանքերի համախմբման նպատակահարմարությունը, որոնք շահագրգռված են համապարփակ ծրագրի պահպանման գործում։
Կողմերը քննարկել են նաև իրավիճակը Սիրիայում՝ ընդգծելով քաղաքական կարգավորման հասնելու և զինված հակամարտության հետևանքները հաղթահարելու սկզբունքային նշանակությունը։
Զրույցի ընթացքում քննարկվել են ներուկրաինական հակամարտության լուծման հեռանկարները։ Պատրաստակամություն է հայտնվել ակտիվացնելու համատեղ աշխատանքն այս ուղղությամբ, այդ թվում «նորմանդական ձևաչափի» շրջանակում։
