ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը այսօր քվեարկելու է Սիրիային վերաբերող երկու բանաձևերի վերաբերյալ, որոնցից մեկը ներկայացվել է Քուվեյթի, Գերմանիայի և Բելգիայի կողմից, իսկ մյուսը նախաձեռնել են Ռուսաստանն ու Չինաստանը։
Քուվեյթի և եվրոպական երկրների բանաձևում ասված է, որ Անվտանգության խորհուրդը պետք է բոլոր կողմերից պահանջի անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայի Իդլիբ նահանգում: Այն կոչ է անում հրադադարի ռեժիմ հաստատել տեղական ժամանակով սեպտեմբերի 21-ի կեսօրից, և պնդում է, որ դա կօգնի խուսափել Իդլիբում արդեն իսկ աղետալի մարդասիրական իրավիճակի հետագա վատթարացումից:
Իսկ Ռուսաստանի և Չինաստանի կողմից առաջարկվող բանաձևը պահանջում է, որ զինադադարը չտարածվի զինված խմբավորումների դեմ գործողությունների վրա։