fbpx
Աշխարհ

ՄԱԿ-ը Լիբանանին կոչ է անում արագացնել նոր կառավարության ձևավորումը

Լիբանանում ՄԱԿ-ի հատուկ համակարգող Յան Կուբիշը լիբանանյան իշխանություններին կոչ է արել արագացնել նոր կառավարության ձևավորումը։ Այս մասին նշվում է կազմակերպության ներկայացուցչի հայտարարության մեջ։

Հատուկ համակարգող Յան Կուբիշը Լիբանանի ղեկավարությանը կոչ է անում սկսել խորհրդարանական խորհրդատվությունների պարտադիր գործընթաց և առավելագույնս արագացնել նոր կառավարության ձևավորման գործընթացը այն անձանցից, որոնք հայտնի են իրենց կոմպետենտությամբ և ազնվությամբ, վայելում են մարդկանց վստահությունը։

Կուբիշի խոսքով՝ կառավարության ձևավորումը, որը կհամապատասխանի ժողովրդի ձգտումներին և կստանա քաղաքական ուժերի լայն աջակցությունը խորհրդարանական վստահության քվեի միջոցով, Լիբանանի միջազգային գործընկերներին աջակցության համար դիմելու ավելի շատ հնարավորություն կտա։

«Չափազանց կարևոր է, որ Լիբանանի իշխանությունները առաջնահերթ ուշադրություն դարձնեն երկրի արժութային, ֆինանսական և տնտեսական կայունության աջակցության համար անհետաձգելի միջոցառումներին»,-ասել է Կուբիշը՝ հավելելով, որ ֆինանսատնտեսական իրավիճակը ճգնաժամային է, կառավարությունը և իշխանության մյուս մարմինները դրա լուծուման հարցում դանդաղելու հնարավորություն չունեն։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է սկսել այն միջոցառումներից, որոնք մարդկանց վստահություն կտան և կերաշխավորեն, որ նրանց օրինական խնայողությունները անվտանգության մեջ են։

«ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել Լիբանանի իշխանությունների անհետաձգելի և երկարաժամկետ միջոցառումները, որոնք կնպաստեն կոռուպցիայի դեմ պայքարին, պատշաճ կառավարման ամրապնդմանը, կօգնեն աշխատատեղերի ստեղծմանը»,-եզրափակվել է հայտարարությունը։

Հիշեցնենք, որ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հոկտեմբերի 17-ին ամբողջ երկրով մեկ սկսված հակակառավարական ցույցերից հետո հոկտեմբերի 29-ին հայտարարել էր իր հրաժարականի մասին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ