Այսօր՝ մարտի 5-ին, Կառավարության նիստում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը անդրադարձավ ուսումնական հաստատություններում դասերի վերականգնելուն։
Նախարարը նշեց, որ հավանականությունը մեծ է, որ գալիք երկուշաբթի օրվանից` մարտի 9-ից, հանրապետությունում դասապրոցեսը կվերականգնվի:
Նա ընդգծեց, որ ամենօրյա կապի մեջ են առողջապահության նախարարության հետ:
«Հատուկ ցուցումներ չունենք դասերը չշարունակելու հետ կապված, եթե այսպես շարունակվի, երկուշաբթի օրվանից դասերն արդեն կսկսեն»,-ասաց Հարությունյանը։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի կանխարգելմամբ պայմանավորված հանրապետության կրթական հաստատություններում մեկշաբաթյա արձակուրդ է հայտարարվել: Դպրոցներում, մասնավորապես, գարնանային արձակուրդը տեղափոխվել է այս շաբաթ։