Մարտի 1-ի ողբերգական դեպքերի մասին այսօր ֆեյսբուքում գրառում է կատարել «Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունը: Ստորև ներկայացնում ենք այն.
Այսօր լրանում է 2008թվականի մարտի 1-2-ի ողբերգական իրադարձությունների 12-րդ տարելիցը: 2008թվականի այս օրն անմեղ արյուն հեղվեց, ժողովրդավարության և արժանապատվության ճանապարհին զոհվեց ՀՀ տասը քաղաքացի, հարյուրավոր մարդիկ հայտնվեցին անազատության մեջ: Դա հետևանքն էր այն բիրտ ուժի, որն իշխանությունը կիրառեց մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում տաս օր շարունակ շուրջօրյա խաղաղ ցույցերով իրենց իրավունքը պաշտպանող ՀՀ քաղաքացիների նկատմամբ:
«Մարտի մեկի» արյունալի էջը փակված չէ, քանի դեռ հայոց պետականության դեմ հանցագործություն կատարողները՝ իրական մեղավորներն ու մեղսակիցները, չեն ստացել իրենց արժանի պատիժը: Եվ այսօր, 12 տարի անց, պետք է գիտակցել, որ «Մարտի մեկի» գործի լիարժեք և ամբողջական բացահայտումը, առկախված բոլոր հարցերին սպառիչ պատասխան տալն օրվա հրամայական է, որպեսզի հնարավոր լինի մեր պետականության այդ արյունոտ էջը փակելու՝ հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն մեր սերունդների:
Մեր վշտակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհերի հարազատներին, խոնարհվում նրանց հիշատակի առջև:
https://www.facebook.com/freedemocrats/photos/a.553195464773653/2812569608836216/?type=3&theater