Մեկնարկեց ամերիկահայ գրող Գևորգ Քրիստինյանի ստեղծագործությունների ընթերցումների շարքը

Հրապարակող՝

Մեկնարկեց ամերիկահայ գրող Գևորգ Քրիստինյանի ստեղծագործությունների ընթերցումների շարքը

Միացյալ Նահանգներում լայն ճանաչում վայելող գրող, գրաքննադատ Գևորգ Քրիստինյանի ստեղծագործությունները հայրենիքում ճանաչելի դարձնելու նախաձեռնությամբ է հանդես եկել Համահայկական գրողների միությունը: Հայտնում է azatutyun.am-ը:

Գևորգ Քրիստինյանն արդեն 30 տարի ապրում ու ստեղծագործում է Կալիֆորնիայում:

Նրա ստեղծագործությունների ընթերումների շարքը մեկնարկեց նրա ծննդավայր Արևիկ գյուղում և շարունակվելու է Հայաստանով մեկ:

Համահայկական գրողների միության նախագահ Աբգար Ափինյանի խոսքով՝ այն ճանաչումը, որ ունի Գևորգ Քրիստինյանը ԱՄՆ-ում, պիտի ունենա նաև հայրենիքում․ – «Մենք ուզում ենք, որ ժամանակային ու տարածական այդ արգելքը մենք հաղթահարենք: Ահա թե ինչու Համահայկական գրողների միությունը գրական ընթերցումների շարք է նախաձեռնել՝ նվիրված անվանի գրողի ստեղծագործությանը»:

Արևիկի դպրոցի տնօրենը Քրիստինյանի ստեղծագործություններից առանձնացրել էր այն հատվածները, որոնք վերաբերում են հայրենի գյուղին․ – «Գևորգ Քրիստինյանի մենք գիտենք Արևիկով, գիտենք Շիրակ աշխարհով: Նա մեր երկուհարյուրամյա գյուղի պատմության կենսագիրն է»:

Հայ մեծերից Հովհաննես Շիրազը գրական ասպարեզում «նոր հայտնություն» է համարել Գևորգ Քրիստինյանին: Դպրոցի աշակերտները ներկայացրին մյուս հայ մեծերի խոսքերը Քրիստինյանի մասին: Նրանք նաև անակնկալ էին պատրաստել՝ հայրենակից գրողի որոշ ստեղծագործություններ ներկայացնելով բեմականացված տարբերակով:

Գևորգ Քրիստինյանի համար անակնկալ ուներ նաև Աբգար Ափինյանը․ – «Այս պարգևները, որ մեր սեղանին են, ինքը դեռ չի տեսել: Այս տարի մեր խորհրդի որոշմամբ, Գևորգ Քրիստինյանը արժանացել է մեր ամենաբարձր գրական մրցանակին՝ Պարույր Սևակի անվան մրցանակին: Ձեր հավանությունն ու օրհնությունը ստանալուց հետո այս մրցանակը կսկսի իր ճամփորդությունը դեպի Կալիֆորնիա, դեպի Լոս Անջելես: Ինքը արժանի է այս մրցանակին, որովհետև Պարույր Սևակի ընկերն է եղել, աշխատել է Պարույր Սևանի հետ»:

Երկու տասնյակից ավելի գրքերի հեղինակ, 84-ամյա Գևորգ Քրիստինյանը դեռ շարունակում է ստեղծագործել:

Ամենաթարմ