Ակնաբուժությանը, նեոնատոլոգիային և ներզատաբանությանը նվիրված 17-րդ միջազգային համաժողովը մեկ հարկի տակ է հավաքել շուրջ երեք հարյուր մասնագետի Հայաստանից, ԱՊՀ երկրներից և Կենտրոնական Ասիայից: Հայկական ակնաբուժության նախագիծը (ՀԱՆ), առողջապահության նախարարության, Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի (ԱՄՆ), Շաքարախտի համաշխարհային հիմնադրամի (Դանիա), Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի, Հայաստանի ակնաբույժների ասոցիացիայի և Մանկական էնդոկրինոլոգների հայկական ասոցիացիայի հետ գործակցությամբ ընդգրկուն ծրագիր էր պատրաստել, որի շրջանակում ներկայացվելու և քննարկվելու է ակնաբուժությանը և հարակից ոլորտներին առնչվող տեղական և միջազգային ժամանակակից փորձը:
Երկօրյա համաժողովի լիագումար նիստին ելույթ են ունեցել Հայկական ակնաբուժության նախագծի հիմնադիր-նախագահ Ռոջեր Օհանեսյանը, առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի Տեսողության կենտրոնի տնօրեն Թոմաս Լին:
«Ուրախ եմ, որ Հայկական ակնաբուժության նախագիծն իր գործընկերների հետ գրեթե 20 տարի Հայաստանում կազմակերպում է միջազգային համաժողովներ, որոնք մեկ հարկի տակ են հավաքում բազմաթիվ մասնագետների տեղական և համաշխարհային ճանաչում ունեցող տարբեր հիվանդանոցներից և համալսարաններից: Ծրագիրն Աչքի շարժական հիվանդանոցի, մարզային ակնաբուժական կենտրոնների, մանկական կուրության կանխարգելման ազգային ծրագրի և այլ նախաձեռնությունների միջոցով ոչ միայն նպաստում է Հայաստանում ակնաբուժության զարգացմանը, այլև բերրի հող է ստեղծում առողջապահության այլ ոլորտներում նման ծրագրերի ստեղծման համար»,- նշել է Հայկական ակնաբուժության նախագծի հիմնադիր նախագահ Ռոջեր Օհանեսյանը:
«27 տարուց ավելի է, ինչ Հայաստանում գործում է մեր ականավոր հայրենակից և բժիշկ Ռոջեր Օհանեսյանի հիմնադրած «Հայկական ակնաբուժության նախագիծ» կազմակերպությունը: Կատարված տասնյակ հազարավոր հետազոտությունները, ախտորոշիչ ու բուժական միջամտությունները և վիրահատությունները, այդ թվում՝ վիտրեոռետինալ վիրահատությունների ներմուծումը Հայաստան, անգնահատելի մասնագիտական ու տեխնիկական օժանդակություն է, իրականացվել են նաև կրթական միջոցառումներ: Մի խոսքով` անտրտունջ աշխատանք՝ ի փառս մայր Հայրենիքի»,- ընդգծել է առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը:
Համաժողովի լիագումար նիստը նվիրված է Հայկական ակնաբուժության բժիշկ Ռոջեր Օհանեսյանի և գործընկերների կողմից իրականացվող ծրագրի արդյունքների ամփոփմանը, առողջապահական կառավարման համակարգերի՝ մասնավորապես, «Ավետիս» ծրագրի ներկայացմանը, ինչպես նաև Հայաստանում ակնաբուժության ոլորտի վերջին զարգացումներին: Հաջորդող երկու համաժամանակյա թեմատիկ նիստերը նվիրված են ակնաբուժությանը՝ եղջերաթաղանթի ախտահարումներին և անհասության ռետինոպաթիային, և նեոնատոլոգիայի ոլորտի զարգացումներին: Քննարկվելու են նաև ընդհանուր ակնաբուժությանը և ներզատաբանությանը վերաբերող հարցեր: