Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահութամբ սկսվել է ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի դեմ հարուցված քրեական գործով դատաքննությունը:
Նախնական դատական նիստին ամբաստանյալ Մանվել Գրիգորյանը չի ներկայացել: Պաշտպանները տեղեկացրին, որ նա հիվանդանոցում է: Կինը` Նազիկ Ամիրյանը, դատարանում է: Նա հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին այն մասին, թե արդյոք տեղյակ եղե՞լ է իրենց առանձնատներում հայտնաբերված զենք-զինամթերքի, սննդամթերի, պահածոների մասին:
Հիշեցնենք`ըստ մեղադրանքի Մ. Գրիգորյանը կնոջ, որդու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում` Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Ալավերդյան 46 տանը, Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցի 28 և 30 հասցեներում տեղակայված ամառանոցային համալիրում /«Հանգստյան տուն 28»/, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության «ԱՐԱ ԼԵՌ» կոչվող տարածքում գտնվող առանձնատանն ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր: Մի քանի ամիս անց Գրիգորյանի մեղադրանքը լրացվել է։ Նա այժմ մեղադրվում է նաև ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու մեջ: Մանվել Գրիգորյանի որդու` Արման Գրիգորյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: