ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը դեկտեմբերի 9-ին ՀՀ-ում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին իրականացնելու է դիտորդական առաքելություն: Այդ մասին տեղեկացնում է A1plus.am-ը.
ՄԵՆՔ Դաշինքի ներկայացուցիչներ Խաչատուր Քոքոբելյանը, Արամ Սարգսյանը, Անժելա Խաչատրյանն ու Արտակ Զեյնալյանը երեկ հանդիպում են ունեցել ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի քաղաքական վերլուծաբան Բարբարա Դևիսի հետ: Հանդիպմանը քննարկվել են առաջիկա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերի համար հավասար հնարավորությունների ստեղծման, ինչպես նաև ազատ, արդար և օրինական ընտրությունների անցկացման մասին հարցեր:
Նշենք, որ ԵԱՀԿ/ԺՄՀԻԳ-ի առաքելությունը բաղկացած է 13 փորձագետներից և 24 երկարաժամկետ դիտորդներից, որոնք տեղավորվելու են երկրի ողջ տարածքում:
Առաքելությունը գնահատելու է ընտրությունների համապատասխանությունը ԵԱՀԿ պարտավորություններին, ինչպես նաև ժողովրդավարական ընտրությունների անցկացման միջազգային չափանիշներին:
Դեկտեմբերի 9-ին դիտորդները դիտարկելու են ընտրական տեղամասերի բացումը, քվեարկությունը, քվեաթերթիկների հաշվումը ու արդյունքների ամփոփումը:
Նախնական հանգամանքների և եզրակացությունների վերաբերյալ հայտարարությունը հրապարակվելու է ընտրությունների հաջորդ օրը: Ընտրական ողջ գործընթացի դիտարկումների վերաբերյալ վերջնական զեկույցը հրապարակվելու է ընտրական գործընթացի ավարտից մոտ երկու ամիս անց:
