1in.am-ի փոխանցմամբ՝ ՀՀ խորհրդարանական ընտրությունները դիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանցի` ENEMO-ի միջանկյալ զեկույցի համաձայն` Հայաստանում նախընտրական քարոզչությունն անցնում է հանգիստ և խաղաղ: Լրագրողների հետ հանդիպմանը առաքելության ղեկավար Զլատկո Վույովիչը նշեց, որ պետական ռեսուրսների չարաշահման կանխարգելման գործում մեծ առաջընթաց կա նախորդ ընտրական գործընթացների համեմատ, որը վերաբերում է նաև ընտրական վարչարարության իրականացմանը:
«Նախընտրական քարոզարշավի առաջին մասը հանգիստ և խաղաղ էր, չնայած կային ատելության խոսքի դեպքեր», – ասաց առաքելության ղեկավարը՝ հավելելով, որ ատելության խոսքերը, որոնք հնչում են նախընտրական քարոզարշավի ընթացքում, շատ ավելի քիչ են, քան մի շարք այլ երկրներում: «Մենք հաճելիորեն զարմացած էինք, որ այս նախընտրական քարոզարշավը խաղաղ էր ընթանում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկրում փոփոխությունները եղել են բավական վերջերս: Մենք գրանցել ենք ատելության խոսքի որոշ դեպքեր, բայց եթե հաշվի առնենք ընդհանուր մակարդակը, այստեղ ատելության մթնոլորտը շատ ավելի ցածր է, քան այլ երկրներում նման քարոզարշավների ժամանակ», – նշեց նա:
Զլատկո Վույովիչն ասաց, որ Հայաստանում կա միանգամայն այլ քաղաքական կամք, որն աջակցելու է արդար ընտրություններին: «Հայաստանում, ինչպես նաև ցանկացած այլ երկրում, ընտրութուններով զբաղվող կազմակերպությունները պետք է լինեն ազատ, անկախ և գործեն օրենքի շրջանակներում», – ասաց նա:
ENEMO-ի հայաստանյան առաքելության մամուլի և կազմակերպչական հարցերով համակարգող Մայա Միլիկիչն էլ նշեց, որ սա կազմակերպության առաջին դիտորդական առաքելությունն է Հայաստանում: «Իր գործունեությունը ENEMO-ն սկսել է նոյեմբերի սկզբին և երկրում կմնա ընտրություններից հետո ևս 6 շաբաթ», – ասաց նա՝ հավելելով, որ կազմակերպության մոտ 70 դիտորդները դիտարկումներ են անցկացնելու 450 ընտրատեղամասերում, ապա ընտրություններից հետո մեկ ամիս անց հրապարակելու են զեկույցը ընտրությունների վերաբերյալ:
Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 9-ին: