ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին առևտրային մեծ պայմանագիր է խոստացել՝ թագավորության ԵՄ-ից դուրս գալուց հետո: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Այս մասին Թրամփը հայտարարել է Ֆրանսիայում՝ «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի շրջանակներում հանդիպումից առաջ: Ամերիկացի առաջնորդի խոսքերով, Բրիտանիայի ԵՄ անդամակցությունը խոչընդոտ էր ԱՄՆ-ի հետ առավել սերտ առևտրային կապեր հաստատելու ջանքերի համար:
«Մենք պատրաստվում ենք շատ խոշոր, ավելին, քան երբևէ, առևտրային պայմանագիր կնքել Բրիտանիայի հետ: Ինչ որ պահի նրանք այլևս խոչընդոտ չեն ունենա, նրանց ոտքին այլևս խարիսխ գցված չի լինի, որովհետև դա այն էր, ինչ նրանք ունեին: Այսպիսով, մենք շատ լավ առևտրային բանակցություններ և մեծ թվեր կունենանք»,- ասել է Թրամփը:
Ջոնսոնն, իր հերթին ասել է, որ Ամերիկայի հետ առևտրային բանակցությունները կլինեն կոշտ, բայց բրիտանական բիզնեսի համար հսկայական հնարավորություններ կան ԱՄՆ շուկայում:
Այս ամսվա սկզբին Ջոնսոնն այցելել էր Ուելս, Շոտլանդիա և Հյուսիսային Իռլանդիա՝ համոզելու, որ Brexit-ը աղետալի հետևանքների չի բերի: