Մեքքայում 50 աստիճան շոգի հետևանքով մահացած մահմեդական ուխտավորների թիվը հատել է հազարի սահմանագիծը։
Սրանք են Agence France-Presse-ի հաշվարկների արդյունքները՝ հիմնված տարբեր երկրների դիվանագետների տրամադրած տվյալների վրա։
Մահացածների թվում ամենաշատը Եգիպտոսի քաղաքացիներ են եղել, վերջին տվյալներով՝ 658 եգիպտացի է մահացել:
Շոգի պատճառով մահացել է Հնդկաստանի առնվազն 68, Հորդանանի՝ 60, Պակիստանի՝ 35 և Թունիսի 35 քաղաքացի։
Սաուդյան Արաբիայում զոհված Ռուսաստանից ժամանած ուխտավորների թիվը հասել է հինգի։ Այս մասին հայտնել է ՌԴ գլխավոր հյուպատոսությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Հաջը մահմեդականների ամենամյա ուխտագնացությունն է դեպի Մեքքա, որը իսլամի յուրաքանչյուր հետևորդ պետք է կատարի իր կյանքում գոնե մեկ անգամ: Այս տարի հաջ է կատարել մոտ 1,83 մլն ուխտավոր, այդ թվում՝ 1,6 մլն օտարերկրացի։
Միևնույն ժամանակ, շատերը, ովքեր ցանկանում են հաջ կատարել, չեն կարող իրենց թույլ տալ թանկ վիզաներ և փորձում են անօրինական ճանապարհով հասնել Մեքքա: Նրանք կազմում են մահացածների մեծամասնությունը, քանի որ անօրինական կարգավիճակը նրանց համար դժվարացնում է ուխտագնացության ժամանակ ջրի, ստվերի և օդորակման հասանելիությունը։