Մեր բանակի համար առավել օգտակար կլինեն ուղղաթիռները. ռազմական փորձագետ

Հրապարակող՝

Մեր բանակի համար առավել օգտակար կլինեն ուղղաթիռները. ռազմական փորձագետ

Ամենադիտվածներ

Մոտ երեք ամիս առաջ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշել էր, որ Զինված ուժերին հաղորդվելիք տարաշարժուն կերպարը պահանջում է նաեւ կործանիչ-ռմբակոծիչ ավիացիայի առկայություն: Իսկ վերջերս արդեն լրագրողների հետ զրույցում Տոնոյանը նշել էր, որ շատ լուրջ առաջարկ կա կործանիչների ձեռքբերման վերաբերյալ, որն ուսումնասիրվում է՝ հավելելով, որ հնարավոր է խոսքը ՍՈւ-30ՍՄ կործանիչների մասին է:Այս մասին հայտնում է armtimes.com-ը:

Ֆեյսբուքյան իր էջի միջոցով Տոնոյանին հակադարձեց Արցախի Հանրապետության նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը՝ նշելով, որ մեր ռազմական թատերաբեմում կործանիչ ավիացիան ինչպես երեկ, այդպես էլ այսօր անելիք չունի:

Սակայն ամեն ինչ այսքանով չավարտվեց. սրան հակադարձեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ մենք 21-րդ դարի բանակ ենք կառուցում եւ ցավալի է նման բացասական գնահատականներ լսելը ԶՈՒ-երի նախկին ղեկավարներից:

«Մեր բանակի համար առավել օգտակար կլինեն ուղղաթիռները»,- ասաց ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը:

– Պարոն Պետրոսյանց, տարբեր տեսակետներ են հնչում՝ կապված հայկական բանակի ռազմական կործանիչ ավիացիա ձեռք բերելու հետ: Մի կողմը պնդում է, որ Հայաստանում այն տեղ չունի, մյուս կողմը հակադարձում է՝ նշելով որ դա անհրաժեշտ է Հայաստանին: Որպես փորձագետ, ի՞նչ եք կարծում, պե՞տք է Հայաստանին կործանիչ ավիացիա, թե՞ ոչ:

– Դժվար հարց է մի քիչ, որովհետեւ իրականում ես միշտ էլ այն կարծիքին եմ, որ ցանկացած ռազմական տեխնիկայի միջոց պետք է: Ուղղակի պետք է այստեղ նայենք արդյունավետության տեսանկյունից: Մենք գիտենք, որ դա բավականին թանկ արժեցող տեխնիկա է: Արդյո՞ք մենք համապատասխան արդյունավետությունը ստանալու ենք, թե՞ չէ:

Ինչո՞ւ, որովհետեւ իրականում տեսությունը այլ բան է. երբ մենք տեսականորեն պատկերացնում ենք, թե ինչպես ենք օգտագործելու, իրականությունը մեկ այլ բան է ստացվում: Այս պահին կողմերից որեւէ մեկը չի կարող վստահ ասել, որ մենք ճիշտ ենք եւ մենք պետք է անպայման գնենք դա, կամ չէ՝ մենք չպետք է գնենք դա: Ես ավելի շատ հակված եմ այն տարբերակին, որ այս պահին մենք հացի ու ջրի նման անհրաժեշտություն չունենք այդ ավիացիայի:

– Ի՞նչ կարող է տալ հայկական բանակին կործանիչ ավիացիան:

– Դա կախված է նրանից, թե մենք քանի հատ ենք ունենալու: Երբ իմանանք՝ քանի հատ ենք ունենալու, ըստ դրա, կարող ենք հասկանալ՝ ինչ կարող է մեզ տալ, կամ ինչ կարող է չտալ:

– 21-րդ դարում, պատերազմական վիճակում գտնվող երկրի համար դա լուրջ ձեռքբերում համարո՞ւմ եք:

– Բանակն ամենեւին չի որոշում՝ դա 21-րդ դարի է, 20-րդ դարի է, թե 19-րդ դարի է: Ըստ ունեցած տեխնիկայի եւ սպառազինության պետք է որոշենք: Կործանիչ ավիացիան բազմաֆունկցիոնալ է: Ես չեմ կարծում, թե դա 21-րդ դարի համար շատ հզոր բան է: Այն ավելի շատ 20-րդ դարի վերջի բան է: Բայց նորից եմ կրկնում, տեխնիկան չէ, որ բանակը բարձրացնում է որոշակի մակարդակի:

– Գնային առումով, ըստ ձեզ, կա՞ ավելի հարմար տեխնիկա, որը Զինված ուժերում ավելի արդյունավետ կարող է լինել:

– Ես նախկինում էլ եմ եղել այն կարծիքին, որ մեր բանակի համար առավել օգտակար կլինեն ուղղաթիռները:

– Պաշտպանության նախարարը նշել է, որ հնարավոր է՝ ձեռք բերվեն ՍՈւ-30ՍՄ կործանիչներ: Արդյո՞ք կործանիչ ավիացիայում դրանից ավելի լավ տարբերակներ չկան:

– Ռազմարվեստը պետք է ունենա երեք փուլ՝ մարտավարություն, օպերատիվություն եւ ռազմավարություն: Երեքի համաչափության զարգացումը մենք պետք է պահպանենք: Բայց, երբ մենք շեշտը դնում ենք այդ երեքից մեկի վրա, այն երկուսը տուժում են, մենք պետք է նաեւ դա հասկանանք:

Ամենաթարմ