fbpx
Գիտություն

Messenger-ն անցում է կատարում ծայրից–ծայր գաղտնագրման

Meta-ն հայտարարել է, որ Facebook Messenger-ում հաղորդագրություններն ու զանգերը մեկ զրուցակցի դեպքում ավտոմատ կերպով անցնելու են ծայրից–ծայր գաղտնագրման (End to End կամ E2E) համակարգի՝ մասնավոր զրույցների և զանգերի դեպքում։

Այս մասին գրում է cyberhub-ը:

Նախկինում Messenger–ում գործում էր HTTPS գաղտնագրումը, ինչը նշանակում է, որ գաղտնագրվում էր յուրաքանչյուր օգտատիրոջից մինչև Facebook–ի սերվերներ կապուղին, այլ կերպ ասած՝ Facebook–ը կարող էր կարդալ ձեր բոլոր հաղորդագրությունները, լսել ձեր բոլոր զրույցները և որոշ դեպքերում էլ, պետության պահանջով տրամադրել այդ տվյալները իրավապահ մարմիններին։

Մինչդեռ նոր համակարգով, գաղտնագրումը լինելու է ուղղակիորեն զրուցակիցների միջև և նույնիսկ Facebook–ը՝ հանդիսանալով միջնորդ, զրույցի բովանդակությունը չի կարողանալու տեսնել։

Միևնույն ժամանակ կարևոր է հասկանալ, որ ծայրից–ծայր գաղտնագրումը գործում է միայն երկու զրուցակիցների միջև, մինչդեռ երեք և ավելի հոգու դեպքում՝ այսինքն խմբակային չատերի դեպքում, առայժմ շարունակում է կիրառվել նախկին՝ HTTPS գաղտնագրումը, թեև առաջիկայում Meta-ն խոստանում է ակտիվացնել ծայրից ծայր գաղտնագրումը նաև խմբակային չատերի, ինչպես նաև Ինստագրամի օգտատերերի համար։

Դետալները կարևոր են

Messenger-ում կիրառվող ծածկագրման հիմքում Signal-ում օգտագործվող տեխնոլոգիայի փոքր-ինչ փոփոխված տարբերակն է։ Այն արդեն իսկ կիրառվում է WhatsApp-ի պարագայում։ Երբ խոսք է գնում ապահով մեսինջերների (սուրհանդակների) մասին, դետալները կարևոր են, և այստեղ է, որ հաճախ ի հայտ է գալիս ավանդական հարցը՝ ինչպե՞ս է տվյալ հարթակը հավասարակաշռում հարմարավետությունը և գաղտնիության ապահովումը, որը լրացուցիչ գործողություններ, ընթացակարգ է պահանջում օգտատիրոջից։

Կրկնօրինակները (backup) կարևոր են այն օգտատերերի համար, ովքեր ցանկանում են մուտք գործել իրենց օգտահաշիվ ցանկացած սարքից և ստանալ սեփական հաղորդագրությունների պատմությունը: Կախված կրկնօրինակումների իրականացման եղանակից՝ կարող է վտանգ առաջանալ հաղորդագրությունների գաղտնագրման համար՝ դրանք կարող են «կոտրվել»։

Օրինակ, «WhatsApp»-ը միայն վերջին տարիներին է առաջարկում ծայրից ծայր գաղտնագրված կրկնօրինակումների տարբերակ։ Messenger-ի համար նույնպես Meta-ն առաջարկում է ամբողջովին գաղտնագրված կրկնօրինակումների համակարգ՝ «Լաբիրինթոս» (Labyrinth) անվամբ։

Գաղտնագրված կրկնօրինակները նշանակում են, որ ձեր՝ պահեստավորած հաղորդագրությունները կգաղտնագրվեն Facebook-ի սերվերներում և ընթեռնելի, հասանելի չեն լինի առանց ձեր բանալիի: Եթե նշված է, որ հավելվածը ապահովում է գաղտնագրված հաղորդակցություն, կարող եք ջնջել ձեր բոլոր հաղորդագրությունները և հանձնել հեռախոսը մեկ ուրիշին, ու նա պարզապես չի կարողանա վերականգնել դրանք:

Եթե նախընտրում եք օգտագործել գաղտնագրված կրկնօրինակների համակարգը, կարող եք սահմանել վեցանիշ PIN-կոդ՝ ձեր անձնական բանալին, առանց որի հնարավոր չի լինի մուտք ունենալ դեպի այդ կրկնօրինակները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ