1996-ի հուլիսին բժշկական համալսարանի 19-ամյա ուսանող Իոսիֆ Աղաջանովի սպանության համար ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի ներման խնդրագրի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր դիրքորոշումը ներկայացրել է Հայաստանի նախագահին, Aysor.am-ի հարցմանն ի պատասխան ասացին կառավարությունից:
«Հաշվի առնելով ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի կողմից ներկայացված ներման խնդրագրի շուրջ ծավալված քննարկումները՝ հայտնում ենք, որ Մ.Ենոքյանին ներում շնորհելու կամ ներում շնորհելը մերժելու վերաբերյալ ներկայացված բոլոր առաջարկություններն ընդունվել են ի գիտություն։ Վարչապետն օրենքով սահամանված կարգով Մ.Ենոքյանի ներման խնդրագրի վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացրել է Հանրապետության նախագահին», – նշված է պատասխանում:
Aysor.am-ը հետաքրքրվել է նաև՝ արդյոք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ընդունել իրեն հանդիպման խնդրանքով դիմած Միխայիլ Աղաջանովին՝ սպանված Իոսիֆ Աղաջանովի հորը։
«Հաշվի առնելով վերոնշյալը՝ ներման խնդրագրի քննարկման այս փուլում հանդիպում կազմակերպելը նպատակահարմար չի համարվել։ Հանդիպման խնդրանքով նոր դիմում լինելու դեպքում այն լրացուցիչ կքննարկվի վարչապետի աշխատակազմում։ Միաժամանակ հայտնում ենք, որ Մհեր Ենոքյանի հարազատները ևս հանդիպելու խնդրանքով դիմել են վարչապետին», – պատասխանել են կառավարությունից: