«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը շնորհավորական ուղերձ է հղել՝ Հայոց բանակի կազմավորման 30-րդ տարեդարձի առթիվ։
«Սիրելի հայրենակիցնե´ր,
Շնորհավորում ենք բոլորիս Հայոց փառապանծ բանակի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ, մաղթում խաղաղ երկինք, ամուր ոգի, բարձր տոկունություն։
Հայ զինվորը, սպան միշտ և բոլոր ժամանակներում ապացուցել է իր նվիրվածությունն ու անձնազոհությունն իր հայրենիքին ու ժողովրդին` կերտելով հաղթանակներ, մինչև վերջին ճիգը պահելով մեր սահմանները և այն, ինչ այսօր ունենք բացառապես հայոց բանակի անձնազոհ պայքարի և մեր ժողովրդի միասնականության արդյունքն է։ Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր անվտանգության միակ երաշխավորը կա և կլինի մեր բանակը և առաջնահերթ պետք է լինի յուրաքանչյուրիս համար բանակի հզորացումը, արմատական բարեփոխումների իրականացումը, ժամանակակից և մարտունակ բանակի կերտումը։
Մեր խոնարհումն ենք հայտնում քաջաբար և իմացյալ մահով նահատակված հերոսներին, մեր վիարվորներին մաղթում շուտափույթ ապաքինում, իսկ գերիներին և անհետ կորածներին ժամ առաջ վերադարձ իրենց ընտանիքներ։
Երախտապարտ ենք մեր զինծառայողներին` իրենց ամենօրյա նվիրական ծառայությամբ մարտական ոգին ու մեր սահմանները պահելու համար:
Խաղաղությու´ն մեր սահմաններին:
Փա՛ռք ու Պա՛տիվ մեր անմահ Հերոսներին։
Շնորհավո’ր տոնդ քաջարի զինվոր և սպա,
Շնորհավո’ր տոնդ հանուն հայրենիքի կյանք տված մեր հերոս տղերք,
Շնորհավո’ր տոնդ հերոս ծնած հայ ժողովուրդ», – ասված է ուղերձում:
