fbpx
Իրավական

ՄԻԵԴ-ը ապրիլի 25-ին կհրապարակի «Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» վճիռը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ապրիլի 25-ին կհրապարակի «Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» վճիռը։ ՄԻԵԴ-ի կայքում, նշվում է, որ գործը վերաբերում է Հայաստանի նախկին նախագահի բողոքին՝ 2008-ին բողոքի ցույցերի ցրումից հետոբ կապված հավաքների իր ազատության միջամտության, պաշտպանության արդյունավետ միջոցի պակասի և իրեն ենթադրաբար տնային կալանքի տակ պահելու հետ:

Գործի նյութերում նշվում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը 2008թ․-ի նախագահական ընտրություններում ընդդիմության հիմնական թեկնածուն էր։ Փետրվարի 20-ից Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ ենթադրյալ ընտրախախտումների դեմ սկսվեցին բողոքի ակցիաներ մասնավորապես Ազատության հրապարակում: Հանրահավաքները երբեմն ներառում էր տասնյակ հազարավոր մարդկանց:

Դիմումատուն պնդում է, որ 2008 թ. Մարտի 1-ի առավոտյան ոստիկանությունը ժամանել է Ազատության հրապարակ, շրջապափակել ցուցարարներին, առանց որևէ նախազգուշացման հարձակվել է և բռնությամբ ծեծել նրանց:

Ցուցարարները արագորեն դուրս են եկել հրապարակից, Տեր-Պետրոսյանին նույնպես հրամայվել է հեռանալ, բայց նա հրաժարվել է, որից հետո նրան հարկադրաբար նստեցերլ են մեքենան և տեղափոխել իր տուն՝ թույլ չտալով հեռանալ այնտեղից:

Ոստիկանությունը շրջափակել է Տեր-Պետրոսյանի տան ճանապարհները և բոլոր ավտոմեքենաները ստուգվել են, ոչ ոք չէր կարող նրա տուն գնալ կամ այնտեղից դուրս գալ առանց հատուկ ուժերի թույլտվության:

Նշվում է, որ հանրահավաքները շարունակվել են ամբողջ քաղաքում մինչև ուշ գիշեր, որի ընթացքում բախումներ են եղել ցուցարարների և իրավապահ մարմինների աշխատակիցների միջև, ինչի հետևանքով 10 մարդ մահացել է, եղել են բազմաթիվ վիրավորները և ՀՀ նախագահն արտակարգ դրություն է հայտարարել:

Ասվում է, որ կառավարությունը վիճարկում է այս մեղադրանքները: Մասնավորապես, նշվում է, որ ցուցարարների կողմից հարձակման են ենթարկվել ոստիկանական ուժերը, իսկ Տեր-Պետրոսյանը կամավոր է նստել ոստիկանության մեքենան: Այնուհետ նա տեղափոխվել է իր տուն և այլևս որևէ տեղ գնալու ցանկություն չի հայտնել: Ոստիկանության աշխատակիցները Տեր-Պետրոսյանի տան մոտ գտնվել են անվտանգության ապահովման միջոցառումների շրջանակներում, ինչպես պետական պաշտպանության ներքո գտնվող բոլոր անձանց համար: Ոստիկանական ուժերը ոչ մեկի չեն արգելել մտնել Տեր-Պետրոսյանի տուն, ոչ էլ արգելել են Տեր-Պետրոսյանին դուրս գալ: Միայն մեկ անգամ Տեր-Պետրոսյանը ցանկություն է հայտնել տնից դուրս գալ, բայց ոչ մի տեղ չի գնացել, երբ նրան ասվել է, որ անվտանգության աշխատակիցներն իրեն չեն ուղեկցի:

2008 թ. մարտի 4-ին Տեր-Պետրոսյանի պաշտոնական ներկայացուցիչը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան` պնդելով, որ դիմումատուն փաստացի տնային կալանքի տակ է: Դիմումատուն պնդում է, որ իրեն թույլատրվել է 2008 թ. մարտի 5-ին մասնակցել դատական լսմանը մեկ ժամ, բայց իր տնային կալանքն առանց ընդհատումների տևել է մինչև 2008 թ. մարտի 20-ը:

Կառավարությունը հերքում է դիմումատուի ներկայացրած փաստերը, մասնավորապես նշելով, որ դատական լսումից հետո Տեր-Պետրոսյանը խնդրել է իրեն տուն տանել ու այլևս չի ցանկացել լքել տունը՝ մինչև մարտի 20-ին արտակարգ դրության վերացումը։

2008 թ. մարտին Սահմանադրական դատարանը մերժել է Տեր-Պետրոսյանի դիմումը նախագահական ընտրությունների արդյունքների դեմ:

Հենվելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի (ազատության և անվտանգության իրավունք), 4-րդ Արձանագրության 2-րդ հոդվածի (տեղաշարժի ազատություն), 11-րդ հոդվածի (հավաքների ազատություն), հոդված 13-ի (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) վրա՝ Տեր-Պետրոսյանը ՄԻԵԴ բողոքել է, որ 2008 թ. մարտի 1-ին Ազատության հրապարակից իրեն հարկադրաբար են հեռացրել, որտեղ խաղաղ հավաքներ էին, ու դրել տնային կալանքի տակ ու ինքը չի ունեցել իրավական պաշտպանության արդյունավետ միջոց։ Հենվելով 14-րդ հոդվածի վրա (խտրականության արգելում)՝ Տեր-Պետրոսյանը բողոքել է, որ իր նկատմամբ խտրականություն է դրսևորվել՝ իր քաղաքական կարծիքի պատճառով:

Աղբյուր՝ news.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ