fbpx
Արցախ

Մեր միջազգային ճանաչման համար պայքարող կայացած անկախ պետություն ենք. Բաբայան

Օգոստոսի 30-ին Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հարցազրույց է տվել Ջավադ ալ Բայդանիին՝ արաբական Аlmothaqaf.com տեղեկատվական-վերլուծական կայքին։

– Ի՞նչ կարգավիճակ ունի հետպատերազմյան Ղարաբաղը, և ինչպիսի՞ կարգավիճակի ամրապնդմանն են ուղղված լինելու ԼՂՀ իշխանությունների ջանքերը:

– Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների կողմից սանձազերծված Ղարաբաղյան երրորդ պատերազմից հետո Ղարաբաղի կարգավիճակը էապես չի փոխվել:

Ագրեսիայի նպատակն Արցախի Հանրապետության, նրա ժողովրդի և պետականության ամբողջական ոչնչացումն էր: Սակայն այս դաշինքի հանցավոր ծրագրերը չիրականացան: Չնայած մարդկային, նյութական և տարածքային մեծ կորուստներին՝ Արցախի Հանրապետությունը պահպանեց իր անկախությունն ու պետականությունը: Մենք առաջվա պես մեր միջազգային ճանաչման համար պայքարող կայացած անկախ պետություն ենք։

– Ի՞նչ կարգավիճակ ունեն ռուս խաղաղապահները Ղարաբաղում՝ նրանք անմիջական շփում ունե՞ն ԼՂՀ իշխանությունների հետ, թե գործում են Հայաստանի կամ Ադրբեջանի իշխանությունների միջոցով։

– Ղարաբաղյան երրորդ պատերազմից հետո Արցախում տեղակայվեցին ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք տարածաշրջանում կայունության և խաղաղության, ինչպես նաև Արցախի Հանրապետության անվտանգության հիմնական երաշխավորներից մեկն են: Մենք բարձր ենք գնահատում նրանց այս դերը, ինչպես նաև ռուս խաղաղապահների ներդրումը մեր երկրի վերակառուցման և հետկոնֆլիկտային վերականգնման գործընթացում: Մենք անմիջական, բավականին սերտ և եղբայրական հարաբերություններ ունենք ռուս խաղաղապահների հետ:

– ԼՂՀ-ն պատերազմից հետո պահպանո՞ւմ է այլ երկրների հետ հարաբերությունները։

– Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը բավական լայն կապեր ունի բազմաթիվ երկրների հետ: Պետական ​​մակարդակով մեզ ճանաչել են Աբխազիան, Մերձդնեստրը, Հարավային Օսիայի և Ամերիկայի ու Ավստրալիայի մի շարք նահանգներ, Ամերիկայի և Եվրոպայի քաղաքներ ու քաղաքապետարաններ: Տարբեր երկրների հետ փոխհարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը նպաստում է նաև հայկական սփյուռքը, որը մեր երկիրը այլ պետությունների հետ կապող ինքնատիպ կամուրջ է։ Արցախի Հանրապետությունն նաև ունի ներկայացուցչություններ արտերկրում:

– Ինչպե՞ս եք գնահատում արաբական երկրների հետ հարաբերությունների հաստատման հեռանկարները՝ հաշվի առնելով, որ արաբական մի շարք երկրների՝ Թուրքիայի հետ հարաբերությունները՝ հաշվի առնելով արաբական մի շարք երկրների հետ Թուրքիայի ոչ այդքան լավ հարաբերությունները։

– Մեզ համար արաբական աշխարհը հատուկ կարևորություն ունի: Արաբների և արաբական քաղաքակրթության հետ մեր փոխհարաբերությունները դարերի պատմություն ունեն: Նշեմ, որ ժամանակին Արցախը առանցքային դեր է խաղացել իսլամի պատմության մեջ: 9-րդ դարում հենց Արցախն է չեզոքացրել իսլամի առջև երբևէ կանգնած ամենամեծ սպառնալիքներից մեկը` Բաբեկի ապստամբությունը (826-837): Այդ ընդվզման հաջողության պարագայում իսլամական քաղաքակրթությունը այսօր գուցեև չլիներ։

Ինչ վերաբերում է նորագույն պատմությանը, ապա մենք բոլորս շատ լավ հիշում ենք թուրքերի կողմից 1915-1923 թվականներին իրականացրած հրեշավոր ցեղասպանության ժամանակ արաբ ժողովուրդների կողմից հայերին մեկնած օգնության ձեռքը:

Տասնյակ հազարավոր հայեր իրենց երկրորդ հայրենիքը գտան արաբական այնպիսի երկրներում, ինչպիսիք են՝ Իրաքը, Սիրիան, Լիբանանը, Եգիպտոսը և այլն: Այս երկրները հնարավորություն տվեցին մեր հայրենակիցներին իրենց զգալ անվտանգ և ամբողջությամբ ինքնադրսևորվել: Մենք անչափ երախտապարտ ենք արաբներին այս ամենի համար:

Արաբական երկրների հայ համայնքներն այսօր երկու ժողովուրդների և պետությունների միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունների հաստատմանը ակտիվորեն նպաստող մեր սփյուռքի ամենակազմակերպված հատվածներից են։ Այստեղ կան մեծ հնարավորություններ և աշխատանքի լայն շրջանակ:

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այս երկիրն ապակառուցողական, քայքայիչ աշխատանքներ է տանում ամենատարբեր տարածաշրջաններում, հատկապես իր սահմանների երկայնքով, և դա սպառնալիք է ոչ միայն արաբական երկրների համար:

Իր գործողություններով, արմատական ​​և ահաբեկչական խմբավորումներին ակտիվ աջակցությամբ՝ Թուրքիան սպառնալիք է ողջ իսլամի համար, քանի որ ներսից խարխլում է համաշխարհային այս մեծ կրոնը:

Վստահ եմ, որ արաբական աշխարհն էլ է սա հասկանում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ