Այսօր աշխարհը նշում է օլիմպիական խաղերի վերածննդի տարեդարձը, հայտնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։
1894թ․ հունիսի 23-ին Փարիզի Սորբոնի համալսարանում անցկացվեց ֆիզիկական դաստիարակության միջազգային կոնգրեսը, որին մասնակցեցին 30 երկրների պատվիրակներ:
Համագումարում ներկայացվեց ֆրանսիացի մանկավարժ և հասարակական գործիչ Բարոն Պիեռ դը Կուբերտենի բոցաշունչ ելույթը:
Կոնգրեսը հավանության արժանացրեց Հին Հունաստանի անտիկ օլիմպիական խաղերի ավանդույթը վերականգնելու առաջարկը։
Նորաստեղծ ՄՕԿ-ի առաջին նախագահ ընտրվեց հույն Դեմետրուս Վիկելասը։ Գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնեց Պիեռ դը Կուբերտենը: Որոշվեց սկսած 1896 թ., յուրաքանչյուր չորս տարին մեկ անգամ անցկացնել օլիմպիական խաղեր՝ աշխարհի բոլոր երկրների պատվիրակների մասնակցությամբ: Բացի այդ, ներկաների միահամուռ ցանկությամբ, ժամանակակից առաջին օլիմպիական խաղերի մայրաքաղաք ընտրվեց Աթենքը։ Անդրանիկ մարզահանդեսում հայտավորվեցին 13 երկրների 311 մարզիկներ, որոնք պայքարեցին 9 մարզաձևերում խաղարկված մեդալների համար:
Խաղերի ավարտից հետո Կուրբերտենը դարձավ ՄՕԿ –ի նախագահ (1896 – 1900թթ․)։ Նա ՄՕԿ-ի պատվավոր նախագահ (1925 – 1937թթ․) մնաց մինչև իր կյանքի վերջը: Խաղերի հիմնադիրը մահացավ Ժնևում՝ 1937-ին և հուղարկավորվեց Լոզանում, որտեղ գտնվում է ՄՕԿ-ի նստավայրը: Նրա սիրտը իր իսկ ցանկությամբ թաղված է առանձին՝ Հին Օլիմպիայի ավերակների հարևանությամբ գտնվող հուշարձանում:
Նույնիսկ ամենահայտնի մարզիկները, որքան էլ հաջող լինի իրենց մարզական կենսագրությունը, առանց օլիմպիական մեդալի իրենց նվաճումները լիարժեք չեն համարում։ Օլիմպիական չեմպիոնները, անշուշտ, յուրաքանչյուր երկրի հպարտությունն են։
Հունիսի 23-ը համարվում է միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) ծննդյան օրը: 1967թ․ ՄՕԿ –ը այդ օրը պաշտոնապես հայտարարեց միջազգային օլիմպիական օր։
Հիշարժան տարեդարձի առթիվ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, շնորհավորում է մեր երկրի բոլոր օլիմպիականներին, չեմպիոններին, մրցանակակիրներին և նորանոր հաղթանակներ մաղթում համաշխարհային գլխավոր մարզահանդեսներում։
