Արցախ

Արցախի առողջապահության նախարարը Բուժաշխատողի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի ուղերձ է հղել Բուժաշխատողի մասնագիտական տոնի կապակցությամբ.

«Սիրելի՛ բուժաշխատողներ, շնորհավորում եմ բոլորիդ բուժաշխատողի օրվա կապակցությամբ։
Բուժաշխատողի ծանր, պատասխանատու և պատվաբեր մասնագիտությունը բոլոր ժամանակներում եղել է ամենապահանջվածն ու ամենահարգվածը, քանզի միայն Ձեր աստվածաշնորհ առաքելությունն է, որ ունակ է փրկելու մարդկային կյանքեր, սրբելու ցավի ու տառապանքի արցունքներ:

Այսօր շատերն են սկսել գնահատել բուժաշխատողի դերը` անցած 44-օրյա պատերազմում տեսնելով Ձեր սխրագործությունները, մինչդեռ քչերը գիտեն, որ անգամ խաղաղ շատ օրերի քրտնաջան աշխատանքը ընթացել էր գրեթե նույն լարվածության և ծանրության պայմաններում:
Չեմ ուզում անդրադառնալ Ձեր մասնագիտության կարևորությանն ու նշանակությանը, քանի որ անհնարին է բառերով ու պատմություններով շարադրել այն, ինչը փաստագրված է Ձեր քրտինքով ու դաջված է Ձեր դեմքերին: Ուզում եմ այս օրը լինի տոնական, Ձեր դեմքին ժպիտ ու փայլ սփռող:
Մասնագիտական այս տոն օրվա կապակցությամբ շնորհավորում եմ նաև Ձեր հարազատներին, ընտանիքների անդամներին և իմ անձնական երախտիքը հայտնում տարիների անդավաճան ընկերության, ըմբռնումի, Ձեզ աջակցելու և գոտեպնդելու, ընտանիքից ամենօրյա պակասը հաղթահարելու և դիմանալու կարողության համար:

Բոլորիդ մաղթում եմ երկար տարիների առողջ և երջանիկ կյանք, ամենակարևորը` խաղաղություն, հաջողություններ աշխատանքում և անձնական կյանքում»,-ասված է նախարարի ուղերձում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ