Որևէ մեկը թող ցուցում կամ հրահանգ չտա ԲՀԿ-ին, որովհետև այդ իրավունքը ո՛չ ունեն, ո՛չ ունենալու են: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ԱԺ-ում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Այն, ինչ ասվել է քաղաքապետարանի հետ կապված, ճիշտ է ասվել, Տիգրան Ուրիխանյանն էլ արձագանքել է: Պետք չի այստեղ մենք «արձագանք» ձայնագրման ստուդիա ցուցադրենք: Որևէ մեկը ցուցում, խորհուրդ տալու, մեծավարի բաներ անելու իրավունք չունի, և շատերն էլ մեծերի գործերին պետք է չխառնվեն:
Հիմա չեմ ասի՝ պետք է քաղաքական ճանապարհ անցնեք, վաստակ ունենաք, բայց պետք է գնալ ճիշտ ճանապարհով»,-ասաց նա:
Մելքումյանը ընդգծեց, որ ներդրողների հետ աշխատանքը Հայաստանում զրոյական մակարդակի վրա է:
«Վաղը վիճակագրական կոմիտեն կհրապարակի թվեր, և դուք կտեսնեք, որ այն, ինչ ես ասում էի հունվար-հունիսի հետ կապված, հունվար-սեպտեմբերին ավելի խայտառակ վիճակ է լինելու:
Երբ ասում ենք՝ ներդրողների հետ աշխատեք, բարի եղեք ցուցաբերել համապատասխան մակարդակ և աշխատեք, ոչ թե այստեղ դասագրքային, կիսաժպիտներով խոսեք: Գնացեք մտածեք, որ Հայաստան ներդրում չի գալիս, իսկ մնացած բաները հենց այնպես արձագանքներ են»,-ընդգծեց Մելքումյանը:
Պարոն Մելքումյան, համ ասում եք՝ ցուցում չտաք, համ ասում եք՝ մեծերի գործերին չխառնվեք. Դա ի՞նչ է, եթե ոչ ցուցում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ԱԺ-ում իր ելույթում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի ելույթին:
Մելքումյանի ելույթին արձագանքեց «Իմ քայլ»-ից Հրաչյա Հակոբյանը՝ նշելով՝ համ ասում եք՝ ցուցում չտաք, համ ասում եք՝ մեծերի գործերին չխառնվեք. դա ի՞նչ է, եթե ոչ ցուցում:
«Դուք հակասում եք ինքներդ ձեզ և ցուցում եք տալիս՝ մեծերի գործերին չխառնվել: Այս դահլիճում չկան մեծեր, չկան փոքրեր, որ պետք է խառնվեն կամ չխառնվեն իրար գործերին»,-ասաց նա: