Մոսկվայի կենտրոնական փողոցներից մեկում գտնվող ու երաժիշտներով, դերասաններով բնակեցված շենքի հրդեհի զոհերի թիվը հասել է 8-ի, նրանցից 2-ը երեխաներ են: Այս մասին հայտնում է ռուսական մամուլը՝ հղում անելով իրավապահներին:
Հրդեհը սկսվել է շենքի այն բնակարանում, որտեղ ապրում էր երաժիշտ Յուրի Բաշմետի դուստրը՝ իր որդու հետ: Կինն ու նրա որդին նկատել են հրդեհն ու հասցրել են դուրս գալ տնից: Հրդեհի տարածումից հետո ժամանած հրշեջները տարհանել են ևս 42 մարդու, որոնց թվում նույնպես եղել են երեխաներ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է մոտ 80 հրշեջ, ներգրավվել է մոտ 25 միավոր տեխնիկա:
Հրդեհը մարվել է, սակայն կա շենքի ընդհանուր փլուզման վտանգ: Շոուբիզնեսի ներկայացուցիչներով բնակեցված շենքը կառուցվել է դեռևս 1912 թվականին ու համարվում է մշակութային ժառանգության օբյեկտ:
