Սեպտեմբերի 22-ի վաղ առավոտյան Մերսիսայդի Բութլ քաղաքի Սթոուն Սքվեր թաղամասի բնակելի տներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով մայրը և երեք երեխաները զոհվել են, հաղորդում է BBC-ն։
Մերսիսայդի հրշեջ-փրկարարական ծառայությունը դեպքի վայր է ուղարկել վեց հրշեջ մեքենա։ Հրշեջ ծառայության պետ Նիկ Սիրլի խոսքով՝ հրդեհը եղել է «չափազանց ինտենսիվ» և արագ տարածվել է։ Ութ հրշեջներ մուտք են գործել տուն և երկրորդ հարկի ննջասենյակում հայտնաբերել չորս անձանց, որոնք կյանքի նշաններ չեն ցույց տվել։ Եվս մեկ անձ, որը հրշեջների ժամանման պահին գտնվել է տան դրսում, տեղափոխվել է հիվանդանոց։
Հյուսիսարևմտյան շտապօգնության ծառայությունը հաստատել է չորս մահվան դեպքերը։ Մերսիսայդի ոստիկանությունը շրջափակել է փողոցը՝ հրշեջ ծառայության հետ համատեղ հրդեհի պատճառները պարզելու նպատակով։ Հրշեջ ծառայության տարածքային մենեջեր Քևին Լոնգշոուն նշել է, որ ծառայությունը սերտորեն համագործակցում է իրավապահների հետ՝ ողբերգության հանգամանքները պարզելու համար, և ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին։
Տեղի բնակիչները լրատվամիջոցներին հայտնել են, որ գիշերվա ընթացքում արթնացել են ահազանգի ձայներից և տեսել տան ուղղությամբ տարածվող ծուխը։ Հրդեհը ներկայումս մարված է, սակայն տարածքում շարունակվում են աշխատանքները։

