Արգելվել է Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստանի Հանրապետություն:
Նա միգրացիայի և քաղաքացիության հարցերով Ռուսաստանի Պետդումայի հատուկ ներկայացուցիչն է, Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի տեղակալը:
Որոշումը Զատուլինը ստացել է Հայաստանի Ազգային ժողովից: Գրության մեջ ասվում է, որ Հայաստանի Հանրապետության դեմ Զատուլինի վերջին հայտարարությունները վնասում են պետությունների միջև բարեկամական և դաշնակցային հարաբերությունների զարգացմանը։
Հայաստանում այսուհետև անցանկալի անձ հայտարարված Զատուլինը բազմիցս քննադատել է պաշտոնական Երևանին 44-օրյա պատերազմի պարտության համար:
Վերջերս էլ «Երկիր Մեդիայի» եթերում հայտարարել էր, թե վարչապետ Փաշինյանը Հայաստանի սուվերեն տարածքով Ադրբեջանին «միջանցք» տրամադրելու որոշում է կայացրել: Եռակողմ հայտարարությունների մեջ, սակայն, Հայաստանի տարածքով միջանցք տրամադրելու պարտավորություն Երևանը չունի, և իշխանությունը բազմիցս հայտարարել է, որ բացառում է նման փաստաթղթի ստորագրումը: