Azat TV-ի գլխավոր խմբագիր Նարեկ Այվազյանը Facebook-ի իր էջում գրառում է արել, որում ասվում է․
«Հասկանու՞մ եք 20 տարի ինչպես են խեղդել քաղաքական միտքը, որ Վանոյի հրապարակախոսությունները հա՛մ դեռ ակտուալ են, հա՛մ իրականանում են ի հեճուկս բոլորիս: Մի կողմից իր մեծությունն է, բայց մյուս կողմից էլ նշածս է: Երկրորդ քաղաքական այսպիսի տեքստ գրող չկա Հայաստանում:
Իսկ մենք թույլ եղանք կանխելու նրա նկարագրած մղձավանջերը: Մենք թույլ եղանք որպես հանրույթ դա գնահատելու և գործընթացների վրա ազդելու մասով դեռ 20 և ավել տարիներ առաջ: Մենք թույլ տվեցինք, որ ներքին դավաճանով օտարը մեզ տիրանա և իշխի: 20 և ավել տարիներ ուղղակի ոչնչացվել է քաղաքական միտքը, հետևաբար նաև քաղաքական դաշտը:
Եթե տասնամյակով նայենք, ապա երկու սերունդ չկարողացավ պետությունը ոտքի կանգնեցնել: Իսկ Հայաստանում ինչ էլ ձևավորվել է, ինչ էլ որ տեղի է ունենում դրականորեն, դրանք համաշխարհային տենդենցների, իներցիայի արդյունքում են ի հայտ եկել և ի շնորհիվ տեխնոլոգիաների, որոնցից խուսանավելու ճար չունի ոչ իշխող օտարը, ոչ տեղական կատարածուները:
Բայց մեկ բան վստահաբար եմ ուզում ասել՝ մեր ավագ սերունդը բերել է անկախություն, միջանկյալ սերունդները չկարողացան իմի բերել հիմնախնդիրներն ու լուծել դրանք, իսկ մեր սերունդը աներբա ինքնիշխանություն է բերելու: Սրանում վստահ եմ: Դա մի հոգուս կամ մի խումբ մարդու գործ չի, դա ամբողջ սերնդի և մյուսների օժանդակությամբ, քրտնաջան աշխատանքի, միգուցե և արյունոտ ճանապարհի արդյունք է լինելու, որի համար պետք է սկսել մեծ պայքար»:

