Նախագահ Դոնալդ Թրամփի օգնական, 34-ամյա Նատալի Հարփը հայտնվել է հանրային քննադատության կենտրոնում՝ իր եղբոր՝ Պրեստոն Հարփի հայտարարություններից հետո։ Վերջինս Թրամփի հետ քրոջ ունեցած մտերիմ հարաբերությունները որակել է «չափազանց անառողջ»։
Նատալի Հարփը, որին հաճախ անվանում են «կենդանի տպիչ» նախագահի համար առցանց լրատվությունը տպելու և նրան ներկայացնելու գործառույթի պատճառով, 2022 թվականից ի վեր Թրամփի ամենամտերիմ աշխատակիցներից է։ Նյու Յորք Թայմսի լրագրողներ Մեգի Հաբերմանի և Ջոնաթան Սուոնի «Regime Change» գրքում նշվում է, որ Հարփը նախագահին հաճախ թողնում է հիացական գրություններ, որոնցից մեկում նշված է եղել. «Դուք միակն եք, ինչը կարևոր է ինձ համար»։
Այս հարաբերությունները, ըստ հրապարակումների, անհարմարության զգացում են առաջացրել նույնիսկ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Սյուզի Ուայլսի մոտ։ Պրեստոն Հարփը, որը քրոջ հետ հարաբերությունները խզել է 2020 թվականին՝ հոր մահից հետո, Daily Mail-ին տված հարցազրույցում նշել է, որ չի հասկանում քրոջ՝ Թրամփի հետ աշխատելու դրդապատճառները՝ հավելելով, որ նա գործում է որպես «երկրպագուների ակումբ»։
Ի պատասխան այս մեղադրանքների՝ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հայտարարել է, որ Նատալի Հարփը Թրամփի թիմի ամենանվիրված և աշխատասեր օգնականներից է։ Նախկինում Սպիտակ տան խոսնակ Քուշ Դեսայը նույնպես պաշտպանել է Հարփին՝ նշելով, որ լրատվամիջոցները «չեն կարող հասկանալ, թե ինչ է նշանակում վայելել նման վստահություն»։

