Աշխատանքային այցով Հորդանանում գտնվող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Հորդանան գետի ափին գտնվող Հիսուս Քրիստոսի մկրտության վայր:
Նախագահը շրջել է քրիստոնեական այդ սրբավայրում, գրառում կատարել պատվավոր հյուրերի գրքում։ Նա նշել է, որ Հորդանանի հոգատարությունը նմանատիպ համաշխարհային սրբավայրի նկատմամբ քաղաքակրթությունների համերաշխության և երկխոսության լավագույն վկայությունն է։
Նախագահի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ Արմեն Սարգսյանն այցելել է նաև Հորդանան գետի ափին կառուցված հայկական Սուրբ Կարապետ եկեղեցի և մոմ վառել։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հորդանանում կմասնակցի Համաշխարհային տնտեսական համաժողովի՝ Մերձավոր Արևելքին և Հյուսիսային Աֆրիկային նվիրված հանդիպումը, որին հրավիրված է որպես բանախոս: Հորդանան կատարած այցի ընթացքում նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության, ինչպես նաև գործարար շրջանակի և տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: