fbpx
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ ՄԶԳ փոխնախագահը քննարկել են համագործակցության զարգացման ուղղությունները

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխնախագահ Բրոք Բիրմանին:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԱՄՆ ՄԶԳ-ի հետ արդյունավետ համագործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը տարբեր ուղղություններով: Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ կառավարությունը հետևողականորեն և հաստատակամ շարունակելու է ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ուղղված ինստիտուցիոնալ բարեփոխումները և այդ առումով ընդգծել ԱՄՆ ՄԶԳ-ի հետ փոխգործակցության կարևորությունը: Կառավարության ղեկավարը Բրոք Բիրմանի այցը մեր երկիր համարել է լավ հնարավորություն՝ նախանշելու հետագա համագործակցության ոլորտները:

«Մեր նպատակն է՝ քաղաքական հեղափոխությունը վերածել տնտեսական հեղափոխության և այդ կարևորագույն փոփոխությունների իրականացման ճանապարհին շահագրգռված ենք ակտիվորեն համագործակցել ԱՄՆ ՄԶԳ-ի հետ: Մեր քայլերն ուղղված են ժողովրդավարության ամրապնդմանը, բիզնես միջավայրի բարելավմանը, ներդրումների ներգրավմանը, քաղաքացիական հասարակության զարգացմանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հեռանկարային համարելով համագործակցությունն ԱՄՆ ՄԶԳ-ի հետ նաև գյուղատնտեսության, ենթակառուցվածքների և կրթության ոլորտներում: Վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է ԱՄՆ-ի հետ տնտեսական փոխգործակցության զարգացմամբ և առևտրաշրջանառության ծավալների ավելացմամբ: 

Բրոք Բիրմանը նախ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին բարձր մակարդակի արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու կապակցությամբ և հավելել. «Ինձ համար պատիվ է հանդիպել Ձեզ հետ՝ նշանավորելու այս պատմական էջը Հայաստանի պատմության մեջ:

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը պատրաստ է աշխատել կառավարության հետ՝ Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների առավել հզորացման, կոռուպցիայի դեմ պայքարի և առևտրի ու ներդրումների խթանման բնագավառներում»:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները պայմանավորվել են, որ երկկողմ փոխգործակցության կոնկրետ ուղղություններն առաջիկայում կհստակեցվեն ՀՀ կառավարության և ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան գրասենյակի քննարկումների արդյունքում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ