Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարան ինստիտուտը 2019 թվականին իրականացնելու է խոշոր ծրագրեր թե գրահրատարակչական, թե գիտաժողովների, թե ցուցադրությունների կազմակերպման առումով: Մատենադարան ինստիտուտի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը «Արմենպրես»–ի հետ զրույցում առանձնացրեց մատենաշարերի հրատարակությունը:
«Այդ մատենաշարերի մեջ բացառիկ նշանակություն ունի «Մատենագիրք Հայոց»-ը, որն ընդգրկում է մեր ամբողջ մատենագրությունն առաջին իսկ հայերեն գրված երկից, մինչև 18-րդ դարի վերջ գրվածը: Այսինքն՝ մեր ամբողջ միջնադարյան ժառանգությունը մեկ տեղ հավաքված: Ներկայում տպարանում է Մատենաշարի 21-րդ հատորը, որը նվիրված է Ներսես Շնորհալու չափածո երկերին: Հաջորդ հատորը նվիրված է լինելու Ներսես Շնորհալու արձակին: Մատենաշարի հրատարակությունը շատ կարևոր մի գործ է, որի նշանակությունը դուրս է գալիս Մատենադարանի սահմաններից: Ամբողջ աշխարհի հայագետներն անհամբերությամբ սպասում են այդ հատորներին: Այս գործընթացը ֆինանսավորում է Գյուլբենկյան հիմնարկությունը, որի համար երախտապարտ ենք»,-ասաց Վահան Տեր-Ղևոնդյանը:
Մատենադարան ինստիտուտի տնօրենը ներկայացրեց «Մայր ցուցակ հայերեն ձեռագրաց»-ի հրատարակությունը, որի 9 հատորներն արդեն կան, այս տարի նախատեսվում է հրատարակել 10-րդ հատորը:
«Մատենադարանի հայերեն ձեռագրերն ունեն ցուցակ, բայց դա համառոտ է: Հիմա մենք հրատարակում ենք լիակատար մանրամասն ցուցակ, ինչը մեծ ջանքեր է պահանջում, սակայն փոխարենն ուսումնասիրողին շատ ավելի հարուստ տվյալներ է հաղորդում: Համառոտ ցանկի մեջ ձեռագրի մասին գրված է մի քանի տող, իսկ նոր ցուցակի մեջ՝ տասնյակ էջեր»,-ասաց նա:
Եվս մեկ մատենաշար, որին Մատենադարանը մեծ նշանակություն է տալիս: Այն հայերեն ձեռագրերի հիշատակարաններն են: Դրանցում տեղեկություններ են կոնկրետ ձեռագրի մասին, թե այն երբ է գրվել, որ թագավորի օրոք, ինչ պայմաններում, ինչ թվականին և այլն:
*հոդվածին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։