Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքի մզկիթներում իրականացված ահաբեկչության հետևանքով 12 մարդ վերակենդանացման բաժանմունքներում է: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ընդհանուր առմամբ հիվանդանոցներում այս պահին կա 2-60 տարեկան 36 մարդ:
Հիշեցնենք, որ Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքի մզկիթներում մարտի 15-ին տեղի է ունեցել հրաձգություն, որը երկրի վարչապետ Ջասինդա Արդեռնը ահաբեկչական գործողություն է անվանել: «Այժմ միանգամայն պարզ է, որ այդ հարձակումները կարելի է բնութագրել որպես ահաբեկչություն»,-ասել է նա:
Ահաբեկչության հետևանքով մահացել է 50 մարդ: Մզկիթի վրա կատարված գրոհից հետո ձերբակալվել է չորս մարդ՝ երեք տղամարդ և մեկ կին: Հրաձիգներից մեկը՝ ավստրալական ծագմամբ 28-ամյա Բրենթոն Տարանտը, 17 րոպե տեսահաղորդում է վարել նախքան մզկիթում մարդկանց վրա կրակելը:
Պատահարից առաջ նա գրել է 37-էջանոց հռչակագիր, որում բացատրել է, թե ով է ինքը և ինչու է հրաձգություն իրականացրել Քրայսթչերչի մզկիթում: Ականատեսները հայտնում են, որ գրավման պահին մզկիթներում եղել է մոտավորապես 500 մարդ: Դրանից հետո կրակոցներ են հնչել:
Հրաձգությունից հետո մզկիթների մերձակայքում կայանված ավտոմեքենաներում հայտնաբերվել են մի քանի ինքնաշեն պայթուցիկ սարքեր, որոնցից ոչ մեկը գործի չէր դրվել: