Սպանախը պատկանում է առողջարար և օգտակար կանաչեղենների թվին՝ ի հաշիվ նիտրատների, մագնիումի, կալիումի, երկաթի և այլ տարրերի բարձր պարունակության։ Նիտրատները, որոնցով հարուստ է տերևավոր կանաչեղենը, օրգանիզմում վերափոխվում են ազոտի օքսիդի, ինչը նպաստում է անոթների ընդլայնմանը, արյան մեջ թթվածնի պարունակության ավելացմանը և կանխում է թրոմբների առաջացումը։ Ավստրալացի գիտնականները գնահատել են նիտրատների բարձր պարունակությամբ մթերքների ազդեցությունը մկանային գործառույթների վրա։
Ինչպես նշվել է Journal of Nutrition-ում հրապարակված հոդվածում, գիտնականներն ուսումնասիրել են ավելի քան 3,7 հազար ավստրալացիների առողջական վիճակի և սննդային սովորությունների մասին տվյալները։ Այդ մարդիկ 12 տարվա ընթացքում մասնակցել են դիաբետի, ճարպակալման և կենսակերպի վերաբերյալ ազգային հետազոտությանը։ Նրանք, ովքեր ամենից շատ են օգտագործել նիտրատներով հարուստ մթերքներ, ստորին վերջույթների ավելի մեծ մկանային ուժ են ունեցել՝ 11 տոկոսով ավելի, քան նրանք, ովքեր ավելի հազվադեպ են իրենց սննդաբաժնում տերևավոր կանաչեղեն ավելացրել։ Դա, մասնավորապես, անդրադառնում է քայլքի արագության վրա, որը սպանախ և չինական կաղամբ սիրողների մոտ 4 տոկոսով ավելի էր այլ կամավորականների համեմատ։
Հետազոտության հեղինակները գնահատել են նաև բոլոր մասնակիցների ֆիզիկական ակտիվությունը և հայտնաբերել, որ տերևավոր կանաչեղենը նպաստում է մկանային ուժի ամրապնդմանը՝ անկախ այն բանից, թե արդյոք դրանք մշտապես օգտագործողներն զբաղվել են սպորտով։ Գիտնականների խոսքով՝ ազոտի օքսիդը թուլացնում և ընդլայնում է արյունատար անոթները՝ արդյունավետորեն ապահովելով թթվածնի մատակարարումը մկանային հյուսվածքին։