fbpx
Մշակույթ

«Նրանց քույրը» առաջին անգամ ցուցադրվել է հուլիսի 16-ին, անգամ փորձ չէինք արել. Հռիփսիմե Շահինյան

Հուլիսի 30-ին, ժամը՝ 20:30-ին «Նրանց քույրը» երկրորդ անգամ է խաղացվելու թունելում, ինչին՝ անձամբ ես անհամբեր եմ սպասում, կարծում եմ Նորան՝ նույնպես: Առաջին անգամ հուլիսի 16-ին էր և դա այս ներկայացումը բեմական տարածքից, փակ տարածքից դուրս խաղալու առաջին փորձառությունն էր. մենք անգամ փորձ չենք արել թունելում: Մեզ համար ամբողջովին անակնկալ էր, թե ինչպես կհնչի: Ինչ-ինչ խնդիրների պատճառով մեզ՝ ինձ և Նորային, առաջին փորձառությունը չի բավարարել: Իսկ հանդիսատեսի կարծիքը, բնականաբար, շատ տարբեր է: Ինձ համար հատկապես ոգևորող էր, որ հանդիսատեսից հնչեց, որ այս ներկայացումը դժվար է պատկերացնել բեմում:

Շատ կարևոր բաներ հասկացա: Օրինակ այն, որ հանդիսատեսը ծարավ է նոր, խելառ ու անսպասելի բաների: Նա ավելի պատրաստ է, քան մենք՝ ստեղծագործողներս կարող ենք պատկերացնել: Հուլիսի 16-ին առավելագույն նախատեսածից երկու անգամ ավելի մարդ էր եկել, ինչը, իհարկե, ստեղծեց տեխնիկական խնդիրներ: Բայց դա չէ կարևորը: Կարևորը այն ոգևորությունն էր, որ ուներ հանդիսատեսը: Շատերը վաղուց չէին եղել Մանկական երկաթուղիում և նրանց նոստալջիկ վիճակին գումարվել էր գնացքով դեպի թունել գնալու և այդ անսովոր վայրում ներկայացում դիտելու չարաճճի ոգևորությունը:

Ես այդ օրը շատ բան հասկացա և ուրախ եմ:

Հիմա ավելի է սպասողական վիճակս: Քանի որ առաջին փորձառությունից շատ բաներ ենք հաշվի առել, բաներ կան որ պիտի կիրառենք, դերասանուհու խաղի մեջ ինչ-ինչ բաներ պիտի փոխվի և այլն:

Կարևոր մի բան ակնհայտ է. մենք գնացել էինք մթնոլորտի ետևից, հրաժարվել էինք արհեստական ձևով մթնոլորտ ստանալու տեխնիկայից և մթնոլորտը ստացվել էր, հիմա՝ փորձելու ենք հնարավորինս խաղալ այդ մթնոլորտի հետ, ավելի պահպանել և նպաստել, որ հանդիսատեսը իր բոլոր զգայարաններով զգա տարածքը, ձայները, հոտը…

Հեղինակ՝ Հռիփսիմե Շահինյան

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք անցնել այս հղումով: 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ