«Մեծամոր» պատմահնագիտական թանգարանում նշել են Հայկական ՍՍՀ վաստակավոր երկրաբան, «Մեծամոր» արգելոց-թանգարանի հիմնադիր Կորյուն Մկրտչյանի ծննդյան 90-ամյակը: Արգելոց-թանգարանում էին հավաքվել մեծանուն հայի հարազատները, ընկերները, գիտության` երկրաբանության, հնագիտության ոլորտում նրա ներդրած ավանդը բարձր գնահատողները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժնից, Կորյուն Մկրտչյանը բացառիկ դեր է ունեցել Հայաստանի երկրաբանական կառուցվածքի և օգտակար հանածոների հետազոտման, հետախուզման և հայտնաբերման գործում: Գիտնականի ավանդն անգնահատելի է նաև հնագիտության ոլորտում:
«Կան մարդիկ, ում կյանքը և գործունեությունը ուղղված է լինում մի գործի` սեփական կարողությունները, անձը, գիտելիքները հայրենիքին նվիրելուն: Կորյուն Մկրտչյանը այդպիսին էր»,- իր խոսքում ասել է «Պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը:
ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոնի վարիչ պ․գ․դ. Հայկ Ավետիսյանի գնահատմամբ էլ` գիտնականի կատարած աշխատանքը գիտակրթական հենք է ստեղծել հարենագիտության համար:
Կորյուն Մկրտչյանը մեծ ավանդ ունի Մեծամոր հնավայրի հայտնաբերման և երկարատև ուսումնասիրության գործում։ 1964-1967 թթ․ նա հայտնաբերել է Մեծամորի մետաղաձուլական հնագույն կենտրոնը, եղել` հնագիտական պեղումների համաղեկավարը: 1970-1976 թթ․ հիմնել է «Մեծամոր»-ի թանգարանը, հետագայում կազմակերպել `առաջին ցուցադրությունը:
Անվանի գիտնականը չէր կարող անտարբեր մնալ Հայաստանի համար կարևորագույն ժամանակաշրջանում` Սպիտակի երկրաշարժ ու Արցախ: 1988-ի աղետի առաջին օրերին նա մեկնել է Գյումրի: Կատարած դիտարկումների և սեյսմատեկտոնական հետազոտությունների արդյունքները հետագայում շարադրել է լայնածավալ հաշվետվությունում: 1988-ին էլ` այցելելով Լեռնային Ղարաբաղ ու կանխատեսելով շրջափակումը, առաջարկել է հետախուզել ու շահագործման հանձնել Մաղավուզի ածխի հանքավայրը:
«Նրա գործունեության աշխարհագրական ընդգրկումը շատ մեծ է: Սխալված չեմ լինի, եթե ասեմ` Հայաստանի ողջ տարածքը, Աղստևի հովտից մինչև Եմեն, Մեծամորից` մինչև Բեռլին: Կորյուն Մկրտչյան մտավորականի պրպտող միտքը իր մասնագիտական տիրույթից զատ անցում է կատարել հնագիտության ու պատմագիտություն ոլորտներ: Արժեքավոր են նաև Գլաձորի համալսարանի 700-ամյակին նվիրված ու Շատիվանքի մասին նրա աշխատությունները», -ասել է «Պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը:
ՊՈԱԿ-ի տնօրենը իր խոսքը եզրափակել է երկրաբաններին բնորոշ ձևակերպմամբ` ոչինչ չի կորցրել, բայց ամբողջ օրը որոնում է:
Անվանի գիտնականի կնոջ` Աշխեն Ղարաքեշիշյանի համար Մեծամորը սրբավայր է իր համար: Նրա խոսքով աշխատանքից հետո ամեն օր Կորյուն Մկրտչյանը գնում էր Մեծամոր ու մինչև ուշ գիշեր աշխատում:
ՀՀ ԳԱԱ ակադեմիայի արտասահմանյան անդամ, հնագետ Գրիգոր Արեշյանի համոզմամբ Մեծամորի թանգարանը չէր լինի, եթե չլիներ Կորյուն Մկրտչյանի եռանդը, ավյունը: Կ. Մկրտչյանի շնորհիվ 1971 թ. «Նյու-Յորք Թայմս»-ը անդրադարձել է Մեծամորին: Նրա խոսքով անվանի գիտնականը ազնիվ, շիտակ, բազմակողմանի զարգացած ու կարծրատիպեր կոտրող մարդ էր:
Միջոցառմանը ներկա էր նաև մասնագիտությամբ երկրաբան պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ում փոխանցմամբ մեծ հայրենասեր Կորյուն Մկրտչյանի հիմնադրած «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանը ոչ միայն գիտական, այլ նաև` ռազմավարական նշանակություն ունի ամբողջ տարածաշրջանի համար:
Մեծամոր հնավայրի տարածքում այսօր էլ պեղումներ են իրականացվում /վերսկսվել են 2013 թ.-ից/: Արգելոց-թանգարանի վարիչ Արտավազդ Զաքյանի տեղեկացմամբ ներկայում թանգարանի ֆոնդերում 28. 000 թանգարանային առարկա կա:
Անվանի գիտնականը հարուստ գրավոր ժառանգություն թողել` քառասունից ավելի տպագիր և նույնքան էլ` ձեռագիր աշխատանքներ:
Միջոցառման ավարտին տեղի է ունեցել նաև Կ. Մկրտչյանի ընտանիքի ջանքերով հրատարակված ու գիտնականի աշխատանքային գործունեությանը նվիրված գրքերի շնորհանդեսը, ցուցադրվել` «Կորյուն Մկրտչյան. դիմանկար» փաստավավերագրական ֆիլմը: