Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին ուրբաթ օրը՝ ԱՄՆ-ի 250-ամյակի տոնակատարության շրջանակում, հանդես է եկել ելույթով, որտեղ սուր քննադատության է ենթարկել Թրամփի վարչակազմի քաղաքականությունը: Նյու Յորքի քաղաքապետարանում կայացած միջոցառման ժամանակ Մամդանին, ով ինքը նույնպես բնիկ ուգանդացի է և ստացել է ԱՄՆ քաղաքացիություն, վերաիմաստավորել է «ամերիկյան բացառիկության» գաղափարը՝ այն կապելով ոչ թե ռեսուրսների գերակայության, այլ ժողովրդավարական արժեքների կատարելագործման հետ:
Թեև քաղաքապետը անուն առ անուն չի հիշատակել նախագահ Թրամփին, նրա խոսքերը հստակ ուղղված էին դաշնային իշխանությունների գործողություններին: Մամդանին քննադատել է ներգաղթյալների հանդեպ իրականացվող քաղաքականությունը, մասնավորապես՝ ապաստան հայցողների նկատմամբ կիրառվող ճնշումները և դաշնային գործակալների ներկայությունը քաղաքային թաղամասերում: «Մենք տեսնում ենք աշխարհի ամենահարուստ երկիրը, որտեղ երեխաները քաղցած են քնում, մինչդեռ օլիգարխները գնում են ընտրությունները», – նշել է քաղաքապետը:
Մամդանին ընդգծել է, որ հայրենասիրությունը չի նշանակում անվերապահ համաձայնություն իշխանությունների հետ: «Հայրենասիրությունը ոչ թե երկրի թերությունները թաքցնելն է, այլ արդարացի այլախոհությունը», – ասել է նա՝ հավելելով, որ իրենք չեն պատրաստվում լքել երկիրը, քանի որ սիրում են այն և պայքարում են դրա իդեալների իրագործման համար: Այս ելույթը հնչել է նախագահ Թրամփի՝ Հարավային Դակոտայում նախատեսված ելույթից ժամեր առաջ՝ ընդգծելով Նյու Յորքի իշխանությունների և դաշնային կենտրոնի միջև առկա գաղափարական խորը տարաձայնությունները:

