Փաշինյանի վերջին հայտարարությունները նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԺ-ում, որտեղ նա նշում էր, որ Հայաստանի «սոցիալ մտածողությունը» ապապետական է, ցույց են տալիս մի շարք հիմնարար խնդիրներ՝ կապված պետականության ընկալման և սոցիալ հոգեբանության ոլորտում գիտական հասկացությունների և ժողովրդական ընկալումների սխալ մեկնաբանության հետ։ Վարչապետի ելույթը վերլուծելով՝ նկատում ենք նրա փորձը՝ ազգի պատմական անցյալին կապելով ներկա խնդիրները, սակայն ակնհայտ է, որ այս մեկնաբանությունը չունի ակադեմիական հիմնավորումներ և ավելի շատ նպատակ ունի մեղսակից դարձնել ամբողջ ազգին այն քաղաքական ուղու համար, որն ինքն է ընտրել՝ ներառյալ արցախյան խնդիրների համատեքստում պարտություններն ու հողերի զիջումը։
Մինչ հիմնական նյութին անցնելը հիշեցնենք՝ վարչապետը, հոկտեմբերի 28-ին դեռևս Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին 2025 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ ասաց, թե պետությունը «հաց վաստակելու գործիք» պետք է լինի։ Սա առաջին հերթին վկայություն է, որ հենց պաշտոնյաներն են այդ գործիքը օգտագործում՝ հարստացման համար։ Նրա արտահայտություններն ու ցանկությունները հստակ ցուցադրում են, որ գործնականում ավելի կարևոր է չոր փաստերի հիման վրա կոռուպցիոն խնդիրները լուծել, որից հետո միայն հնարավոր կլինի խրախուսել մարդկանց մնալ Հայաստանում և աշխատել։ Նրա մեկ այլ արած՝ «այստեղ հաց, այստեղ կաց» ֆեյսբուքյան գրառում-կոչը՝ ի հակառակ ժողովրդական «որտեղ հաց, այնտեղ կաց» հեգնական խոսքին, ընդգծում է իշխանության հիմնախնդիրները ընկալելու և լուծելու ամբողջ պահուստը։
Նախ, անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչ է նշանակում «սոցիալ հոգեբանություն» հասկացությունը ակադեմիական շրջանակներում։ Սոցիալ հոգեբանությունը ուսումնասիրում է, թե ինչպես է հասարակությունը ազդում մարդկանց վարքագծի, մտածելակերպի և վերաբերմունքի վրա՝ հիմնվելով իրական փաստերի, թվերի ու տվյալների վրա։ Այն համապարփակ ուսումնասիրությունների արդյունք է, ոչ թե անհատական կարծիքների վրա հիմնված ընդհանրացում։ Փաշինյանի կողմից սոցիալ հոգեբանության տերմինի գործածությունը ակադեմիական մոտեցում չունի և առավելապես արտացոլում է նրա սեփական ընկալումները կամ նրան այս մասին բացատրող ինչ-որ մասնագետների ուղղորդումները, որոնք խեղաթյուրում են գիտական հաստատումները։ Նրա պնդումն այն մասին, որ մեր հավաքական մտածողությունը «ապապետական» է, ոչ այլ ինչ է, քան ոչ օբյեկտիվ ընդհանրացում՝ հաշվի չառնելով այն անհատների դերը, որոնք դարեր շարունակ պայքարել են պետականության վերականգնման համար։
Փաշինյանի պնդումը, թե մեր հավաքական մտածողությունը ձևավորվել է օտար պետությունների ներքո ապրելու ընթացքում՝ դրանով դարձնելով մեզ հպատակներ, չափազանցություններ ունի։ Այս տեսակետը անտեսում է պատմական այն իրողությունը, որ հայկական պետականության պատմության մեջ բազմիցս եղել են պայքարներ և անհատական դիմադրության դրսևորումներ։ Բազմաթիվ օրինակներ կան, որոնցից երկուսն էլ հերիք են ներկայացնելու համար՝ անցյալ դարասկզբին Սարդարապատի ու Բաշ-Ապարանի ճակատամարտերը և 90-ականների Արցախյան ազատամարտն ու Հայոց համազգային շարժումը, որտեղ հայ ժողովուրդը հանդես է եկել պետականություն ստեղծելու ու պաշտպանելու կամքով։ Կարծես՝ Փաշինյանը փորձ է անում իր «ապապետական» պիտակը տարածել բոլորի վրա՝ անտեսելով այն տասնյակ հազարավորներին, ովքեր պայքարել են անկախ պետականության համար։
Վարչապետը հայտարարեց, թե հարկային օրենսգիրքը, շրջանառության հարկ համակրգը և փողի նկատմամբ մեր մոտեցումը ևս ապապետական է, ինչը նորից խոսում է անհամատեղելի եզրակացության մասին։ Այսպիսի ձևակերպումները ակնհայտ սխալ են, քանի որ հարկային համակարգն ու շրջանառության հարկը պետության ստեղծած մեխանիզմներ են՝ եկամուտների հավաքման նպատակով։ Պետության հարկային օրենսգիրքը կարող է ծառայել ոչ թե «խրախուսման», այլ դարձվեն «զարգացմանը չխոչընդոտելու» համար, մինչդեռ խրախուսման գործառույթներն իրականացնում են այլ, նպատակային ծրագրեր և ներդրումային քաղաքականություն։ Օրինակ, հարկային բեռի թեթևացումը, հարկային արտոնությունները, բյուրոկրատիայի կրճատումը, պետական աջակցության միջոցառումները և ծրագրավորված սուբսիդիաներն են այն գործիքները, որոնց միջոցով պետությունը կարող է խրախուսել զարգացման ուղղությամբ։ Իսկ փողը դա մեր վստահությունն է պետության հանդեպ։ Առհասարակ ժամանակից փողը արժեք ունի հիմնականում այն պատճառով, որ մարդիկ վստահում են այն թողարկող կառավարությանը։ Եվ ինչ է դրված դրա հիմքում՝ դրամավարկային ու հարկաբյուջետային քաղաքականությունը և կառավարության տնտեսությունը կառավարելու կարողությունը։ Արդյո՞ք հիմա էլ կարելի է համարել մեր վերաբերմունքը փողի հանդեպ ապապետական։
Այսպիսով, Փաշինյանի հայտարարություններն ավելի շատ արտացոլում են անձնական ընկալումների հիման վրա վարվող հռետորաբանությունը, քան հիմնավորված տնտեսական վերլուծություն։ Եվ սա այն ժամանակ, որ ԱԺ-ում քննարկվում է 2025 թվականի բետական բյուջեի մասին օրենքը։ Եվ մեկ բան էլ ավելացնենք՝ իրականում, եթե հարկային օրենսգիրքը ոչ խրախուսող կամ ապապետական է, ապա դրա համար պատասխանատվությունը կրում է հենց ներկայիս կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ, որը կարող է, բայց չի անում այն փոփոխությունները, որոնց մասին իբրև բարձրաձայնում է։
Փաշինյանի խոսքում ակնհայտ է նրա տրամադրությունները մեղավորներ փնտրելու և հասարակության վրա իր վարչակարգի ձախողումները բարդելու ձգտումը։ Նա իր հայտարարություններով փորձ է անում ամրապնդել իր քաղաքական դիրքերը՝ այնպիսի եզրակացություններով, որոնք չունեն ակադեմիական հիմնավորումներ։ Եթե մենք ցանկանում ենք շեշտադրել պետականության կարևրությունը, ապա նախ և առաջ պետք է խուսափենք համազգային մեղադրանքներից և տրամադրենք համակարգային լուծումներ՝ խրախուսելու ոչ թե միայն այն պետականությունն, որին իրենք ձգտում են, այլ մի համակարգ, որտեղ քաղաքացիներն ունենում են իրական տնտեսական հեռանկարներ և մասնակցություն պետական շինարարության մեջ։