Այսօր վարչապետի ապարատից հաղորդագրություն տարածվեց, որ Փաշինյանը պատրաստվում է վաղը՝ հունիսի 1-ին, մեկնել Ֆրանսիա և Բելգիա՝ հանդիպելու պետությունների ղեկավարներին։
Փաշինյանի այցը տեղի է ունենում տարածաշրջանի լարվածության ֆոնին։ Տարածաշրջանի թեժ կետն է դարձել Հայաստանը, որի շուրջ աշխարհաքաղաքական բազմավեկտոր հետաքրքրություններ են ներկայացնում բոլոր գերտերությունները։ Հայաստանի և Ադրբեջանի զորքերի շփման գծում տեղի ունեցող լարվածությունը, որը պայմանավորված է ադրբեջանական ուժերի ՀՀ տարածք ներծխուժմամբ, հայ զինվորի սպանությամբ և վեց զինվորականների գերեվարմամբ, Փաշինյանին կարծես դնում է փակուղու մեջ՝ այլ հնարավորություններ փնտրելու համար։
Բոլորին է հայտնի, որ ո՛չ ՀԱՊԿ-ը, ո՛չ ՌԴ-ն իրենց հայտարարություններով, որպես ՀՀ դաշնակիցներ հանդես չեկան սանձելու ագրեսիվ դրսևորովող Ադրբեջանին, ավելին՝ իներտ պահեցին իրենց, երբ իրենց արագ ու չոր արձագանքները կսաստեին ադրբեջանական զորքերին՝ չխախտելու ՀՀ պետական սահմանները , ինչպես նաև չէին կազմակերպի սպանություն ու առևանգում։ Այս դաշնակիցներին հակառակ, Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Հնդակաստանը և մի շարք այլ գերտերություններ հանդես եկան սաստիկ կոչերով։ Այսօր, օրինակ, ՄԻԵԴ-ը սեղմ ժամանակ տվեց Ադրբեջանին՝ ետ վերադարձնելու ռազմագերիներին։ Փաշինյանը գնում առաջին ռազմական օգնություն առաջարկողին՝ Էմանուել Մակրոնին հանդիպելու և դա հնարավոր է բեկում մտցնի ստեղծված իրավիճակում ի օգուտ Հայաստանի։
Արդյո՞ք ՌԴ-ն կհամակերպվի վարչապետի այս քայլին, թե՞ որևէ բան կձեռնարկի, որպեսզի ՀՀ-ն նոր դաշնակիցներ չներգրավի հակամարտությունում` փորձելով վերազինվել և վերակազմակերպվել։ Ո՞րը կլինի ՌԴ հակաքայլը, կտեսնենք օրեր անց։ Ցավալիորեն կարելի է նշել, որ երբեմն մեզ դաշնակից հռչակված Ռուսաստանն իր քայլերն անուղղակի է իրականացնում՝ հակառակորդ երկրի կամ ներսում գործող պրոռուսական ծայրահեղական ուժերի ձեռքերով, ինչը մինչ այս թանկ է արժեցել Հայաստանի համար։ Սակայն միևնույնն է, նրանք միշտ Հայաստանին ծանր գին են վճարել տալու՝ անկախ նրանից շարունակեն ՀՀ իշխանությունները ռուսական ճնշման ներքո գործել, թե բեկում մտցնեն արցախյան ճգնաժամում։