Իրավական
16:08 13/05/2021

Արդարացնող ապացույցները չեն դրվել քրեական գործում․ Սարգսյանի պաշտպանները դատարանին միջնորդեցին տրամադրել գործի բոլոր նյութերը

Արդեն տեղեկացրել էինք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում` դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ այսօր ընթանում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի գործով դատական նիստը։

Դատական նիստի ընթացքում պաշտպանական կողմը դատարանին միջնորդել է իրենց տրամադրել մայր քրեական գործով 2020 թվականի դեկտեմբերի դրությամբ բոլոր նյութերը, ինչպես նաև Սևան Քոչարյանի ցուցմունքներում վկայակոչված ենթադրյալ այլ հանցագործությունների վերաբերյալ իրավական գնահատական պարունակող որոշումների պատճեները։

Պաշտպանական կողմը պնդել է, որ Սերժ Սարգսյանի գործն անջատվել է հիմնական քրեական գործից, և նրան արդարացնող ապացույցները չեն դրվել անջատված քրեական գործում։

Սերժ Սարգսյանի պաշտպաններից Ռուբեն Հակոբյանի խոսքով՝ Սևան Քոչարյանի ցուցմունքի թույլատրելիությունը հարցականի տակ է, իսկ որոշ այլ անձանց հայտնած տվյալներ կան, որոնք կարող են գործի համար էական նշանակության տեղեկատվության տիրապետել․

«Չի բացառվում, որ նրանք հարցաքննվել են, սակայն նրանց ցուցմունքները չեն կցվել այս՝ անջատված գործի նյութերին։ Օրինակ պարզ չէ՝ Խաչիկ Մանուկյանին, որի անունը հիշատակել են որոշ անձինք, կենդանության օրոք հարցաքննե՞լ են, թե ոչ»։

Պաշտպանների պնդմամբ՝ վարույթն իրականացնող մարմինը չի տրամադրել գործի բոլոր նյութերը, որոնք առնչվում են իրենց պաշտպանյալին առաջադրված մեղադրանքին։

Նրանք ընդգծեցին, որ դրանցում առկա են մեղադրանքը հերքող եւ ամբաստանյալին արդարացնող նյութեր, ապացույցներ.

«Նյութեր են, որոնք կարող են էական նշանակություն ունենալ պաշտպանական մարտավարության համար։ Մեղադրանքի կողմը նշված նյութերը չտրամադրելով՝ խախտել է կողմերի՝ զենքերի հավասարության սկզբունքը։ Մենք զրկվել ենք այդ ապացույցները գնահատելու եւ վիճարկելու հնարավորությունից, իսկ դրանց գնահատումը միայն մեղադրանքի կողմից իմաստազրկում է պաշտպանական կողմի գործունեությունն այս վարույթում։ Եթե պահաջվող նյութերը պարունակում են պետական գաղտնիք, ապա դրանք կարող են ուսումնասիրվել դռնփակ նիստում»։

Սերժ Սարգսյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանն էլ հայտարարեց, որ գործում կան փաստաթղթեր, որոնք անջատված քրեական գործից բացակայում են։ Նա պնդեց, որ հիմնական քրեական գործում կան նյութեր, որոնց պաշտպանները չենք ծանոթացել.

«Վեց ամսվա նախաքննության ընթացքում կարո՞ղ էին հավաքվել ապացույցներ, որոնք հերքում են մեղադրյանին վերագրվող արարքը։ Հարցս հռետորական է։ Բացի այդ, Սեւան Քոչարյանի առնչությամբ քրեական գործը, որը մնացել է ՀՔԾ-ում, ի՞նչ փուլում է։ Ծաղկաքաղ, ընտրանքային մեղադրանքի հետ գործ ունենք»։

Մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանը նշեց, որ պաշտպանների միջորդությունն անհիմն է եւ ենթակա է մերժման։

«Հինգ անձանց առաջադրվել են մեղադրանքներ, եւ ձեռքբերված ապացույցներով վարույթն իրականացնող մարմինը որոշել է քրեական գործն անջատել։ Անջատված քրեական գործում, բնականաբար, տեղակայվել են մեղադրանքի հիմքում դրված բոլոր ապացույցները, որոնք առկա են մեղադրական եզրակացության մեջ։ Ուստի գործընկերներիս դիտարկումը, թե ծաղկաքաղ է արվել, առնվազն տրամաբանական չէ։ Քրեական գործում կան բոլոր ապացույցները եւ փաստաթղթերը, որոնք կան ամբաստանյալների մեղադրանքի հիմքում։ Զենքերի հավասարության խախտման սկզբունքի մասին էլ խոսք լինել չի կարող։ Կողմերը զրկված չեն դատարանին ապացույցներ ներկայացնելու իրավունքից։ Նման իրավիճակում պաշտպանական կողմի իրավունքների խախտման մասին խոսք չկա։ Ինչ վերաբերում է Սեւան Քոչարյանին, ապա նրա ցուցմունքի հիման վրա է հարուցվել քրեական գործ, նա վկա է, եւ նրա ցուցմունքները, որոնք վերաբերել են այս՝ անջատված քրեական գործին, բնականաբար, դրվել են քրեական գործում»,-  հայտարարել է մեղադրքղ դատախազը։

 

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ