fbpx
Զինված Ուժեր

Հիմնադրամը հատուցել է 1527 ընտանիքների, որոնցից 1111-ը` վերջին պատերազմի արդյունքներով

Համաձայն Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ընթացակարգերի, հատուցման ցուցակների հրապարակման պահից սկսած Հիմնադրամի աշխատակազմը սկսում է իրականացնել հատուցումների գործընթացը, որը ենթադրում է ժամանակատար աշխատանք։ Այս մասին հայտարարություն է տարածել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը:

«Վստահեցնում ենք, որ հատուցման ցուցակներում առկա բոլոր զինծառայողների շահառու հանդիսացող հարազատները կստանան օրենքով հասանելի և՛ միանվագ, և՛ ամսական հատուցումները։ Հիմնադրամի աշխատակազմը ուժերի գերլարումով իրականացնում է իր առաքելությունը։

Մենք օրական ստանում են բազմաթիվ զանգեր, նամակներ` խնդրանքով ստուգել զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողի անվան առկայությունը գումարի փոխանցման ցուցակներում: Պարզապես խնդրում ենք լինել համբերատար՝ վստահեցնելով, որ յուրաքանչյուր դիմում ստանալու է օրենքով սահմանված հատուցում:

Յուրաքանչյուր զանգի, նամակի պատասխանանում ենք մեծ սիրով և պատրաստակամությամբ, սակայն այդ գործընթացը մեզնից ժամանակ է խլում բուն գործառույթն իրականացնելու։

Տեղեկացնում ենք, որ Հիմնադրամը փետրվարի 10-ի դրությամբ հատուցել է 1527 ընտանիքների, որոնցից 1111-ը` վերջին պատերազմի արդյունքներով։ Հիմնադրամի «Կամուրջ» ֆինանսավորման ծրագրով ժամանակավոր հատուցումներ են ստանում արդեն իսկ 553 ընտանիք։ Հատուցումների ցուցակը փոփոխվում է յուրաքանչյուր շաբաթ նոր շահառուների անվանացանկով։

2020 թվականի սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմը հայ ազգի համար ողբերգական էր։ Այնուամենայնիվ, վստահ ենք, որ քայլելու ենք առաջ՝ հաղթահարելով բոլոր դժվարություններն ու մարտահրավերները։ Հայ ազգի կարևորագույն մարտահրավերներից մեկն է այսօր ապահովել զոհված, հաշմանդամություն ձեռք բերած կամ անհայտ կորած զինծառայողների ընտանիքների ֆինանսական կայունությունը: Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ստեղծվել է հենց այդ մարտահրավերին ընդառաջ: Դա է մեր առաքելությունը»,- ասված է Հիմնադրամի տարածած հայտարարության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ