Հնարավո՞ր էր արդոք կանխել պատերազմը, հարցն ինքն իրենով դատարկ, վերացական, օդի մեջ հարց է․ Հրանտ Տեր Աբրահամյան

Հրապարակող՝

hrant ter abrahamyan

Ամենադիտվածներ

Քաղաքագետ, պատմաբան, հրապարակախոս, Հայաստանի Հանրային խորհրդի անդամ Հրանտ Տեր Աբրահամյանը գրառում է կատարել Facebook-ում։

«Գրառում երկրորդ:
Հնարավո՞ր էր արդյոք կանխել պատերազմը:

Ես գիտեմ, հասկանում եմ, որ երբ այս հարցը տալիս են սովորաբար նկատի ունեն, թե արդյո՞ք հնարավոր էր կանխել պատերազմն այսպես կոչված Լավրովյան պլանին համաձայնելով:

Իմանալով սա, այդուհանդերձ, ուզում եմ սկսել ավելի հեռվից, իսկ լավրովյանի խնդիրը թողնել առանձին գրառման համար՝ նույն խորագրի տակ:

Ինչո՞ւ եմ համարում, որ պետք է սկսել հեռվից:

Որովհետև “հնարավո՞ր էր արդոք կանխել պատերազմը” հարցն իրականում ինքն իրենով դատարկ վերացական, օդի մեջ հարց է: Այն անբովանդակ է առանց ճշտելու՝ ե՞րբ, երբվանի՞ց, ի՞նչ պայմաններով և նման հարցադրումների:
Իսկ ինչո՞ւ են կարևոր նման ճշտումները, արդյո՞ք քթի մազություն և ավելորդ խորանալ չէ սա:

Ո՛չ՝ որովհետև ցավոք մեր հանրային խոսքում անընադտ պարտադրվում են նման վերացական հարցեր, և դրանց միջոցով մանիպուլյացնում են հանրային կարծիքը, բաժանում մարդկանց թշնամական խմբերի, ստեղծում կրոնաքաղաքական դոգմաներ և միֆեր:
Ռացիոնալ ընկալումը կարող է լինել միայն կոնկրետ՝ ինչպես ժամանակին հիմնավորել է Հեգելը: Դրա համար հարցերը նույնպես պետք է լինեն հնարավորինս կոնկրետ:

Հիմա բուն ասելիքն էս գրառման:
Խնդիրն այն է, որ եթե հարցը դնում ենք վերացական՝ “հնարավոր էր արդյոք կանխել պատերազմը”, ապա պատասխանն էլ կարող է լինել միայն վերացական, ոչ մի բան չասող, այն է.

այո, հնարավոր էր, որովհետև ցանկացած պատերազմ միշտ էլ հնարավոր է կանխել: Գնի, պայմանների և երբի խնդիրը:
Օրինակ մեր դեպքում:

Պատերազմը կարելի էր լավագույնս կանխել 1988-ին՝ պարզապես չբարձրացնելով Ղարաբաղի հարցը: Չէր լինի Ղարաբաղի հարցի բարձրացում, չէր լինի պատերազմ՝ սա պարզից էլ պարզ է:

Ես հատուկ եմ այսքան հեռու գնում, որպեսզի ցույց տամ, թե որքան անկապ է այս հարցն՝ առանց ճշտումների:
Պատերազմը կարելի էր կանխել նաև Ղարաբաղի հարցը բարձրացնելուց, ասենք, մեկ շաբաթ անց՝ 88-ի փետրվարի վերջին, երբ պարզ դարձավ այն ժամանակ շատերին, որ Ղարաբաղի հարցի բարձրացումը առճակատում է ոչ միայն Բաքվի, այլև Մոսկվայի հետ:
Ղարաբաղյան շարժման առաջին օրերին մասնակցած ավագ սերունդը՝ Զորի Բալայան, Կապուտիկյան ըստ էության դա էլ այն ժամանակ առաջարկում էին: Քանի որ խնդիրն արդեն Մոսկվայի հետ էր, ապա հետագա պայքարն անհնար էին համարում:

Բայց կատարվեց այլ ընտրություն՝ Ղարաբաղյան շարժման կրտսեր սերնդի և հրապարակում հավաքված ժողովորդի կողմից: Ըստ էության ընտրվեց միաժամանակ Բաքվի և Մոսկվայի դեմ առճակատաման ճանապարհը:

Ես բացարձակ միտք չունեմ այդ ընտրությունը դատապարտելու: Նախ՝ ես չէ, որ պետք է և կարող եմ դա դատապարտել: Երկրորդ՝ դա արդեն կատարված ընտրություն է: Այդ ընտրությունից հրաժարումը, եթե լինի, պետք է լինի գիտակցված և հրապարակային, ինչպես եղել է այդ ճանապարհն ընտրելն ինքը…..Այլ բան է, որ նման ընտրություններից պոստֆակտում հրաժարվելու հնարավորությունը, մեղմ ասած, բարդ է:
Պատերազմը կարելի է կանխել նաև 1991-94 թվի ցանկացած պահի, և չունենալ 7 հազար զոհ՝ առաջին պատերազմին:
Դրա համար բավական էր մի պարզ բան՝ հրաժարում Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմից դուրս տեսնելու գաղափարից: Չհրարաժարման գինը պատերազմն էր:

Ես, իհարկե, հուսով եմ, որ չեն գտնվի մարդիկ, որոնք ասածս կմեկնաբանեն այն ոգով, որ ես դատապարտում եմ այդ չհրաժարումը: Չնայած, իհարկե, ամեն ինչի սովոր եմ, ու գիտեմ, որ դա էլ գուցե կփորձեն, բայց կանխավ զգուշացնում եմ, միգուցե ազդի:
Եվ այսպես շարունակ՝ 1994-ից մինչև 2020՝ ցանկացած պահի երբ կհրաժարվեինք 1988-ի նպատակից՝ Արցախն Ադրբեջանի կազմից դուրս տեսնելու նպատակից, կկանխեինք պատերազմը: Սա բաց երկնքի պես պարզ է:

Նման կոչով Հայաստանում ոչ ոք բացահայտորեն հանդես չի եկել: Ու քանի որ հանդես չի եկել, ուրեմն անիմաստ էլ է այս խոսակցությունը երկարացնելը:

Գիտեմ, հասկանում եմ՝ բա խաղաղ կարգավորո՞ւմը, բա պլա՞նը, բա պլանի գլո՞ւխը: Համբերություն՝ ամբողջը մի գրառմամբ չի լինելու:

Հիմա:

Հենց այսօր էլ նորից կարող ենք կանխել պատերազմը:

Ի՞նչ պատերազմ:
Այն, որ շարունակվում է Հայաստանի դեմ:

Որովհետև ակնհայտ է, որ Հայաստանի դեմ շարունակվում են թշնամական գործողություններ, փաստացի ոչ ինտենսիվ պատերազմ, ուժային գործողություններ:

Ինչպե՞ս կանխել կամ կանգնեցնել այս մեկը:

Պարզ՝ հրաժարվել Լեռնային Ղարաբաղի հարցից, ընդ որում անպայման նշելով, որ 1988-ից ընտրվել է մի նպատակ ու ճանապարհ, որը պարվեց ռեալիստական չէ (Կարեն Դեմիրճյանի ականջը կանչի):

Սրան ավելացրած՝ համաձայնել Հայաստանի տարածքից մի մաս օտարել՝ միջանցքի համար, որը կկապի Նախիջրանը՝ փաստացի Թուրքիան և Ադրբեջանը՝ ռուսական վերահսկողությամբ:

Իհարկե, այս գնով կորզված խաղաղությունը չի լինի շատ կայուն ու տևական: Բայց պատերազմն առժամանակ կկանխվի և կդադարի: Միգուցե:

Ընդհանրապես լավագույն միջոցը կանխելու բոլոր պատերազմները նաև ապագայի համար՝ սեփական ինքնությունից հրաժարվելն է: Դրանից լավ և ազդու միջոց չկա:

Ընդ որում դա աշխատում է անհատի, խմբի, ազգի մակարդակում: Չես ունենա ոչ մի կոնֆլիկտային իրավիճակ:

Ասածս բնավ չի նշանակում, թե ահննար է գտնել որևէ քաղաքական, ոչ ռազմական լուծում խնդիրների, այդ թվում Հայաստանի խնդիրների: Բայց սրա մասին էլ մեկ այլ անգամ:

Շնորհակալ եմ, եթե կարդացիք մինչև վերջ:

Կներեք, մշտական վրիպակների և տառասխալների համար՝ դրանք էլ իմ ինքնության մասն են»,-ասվում է գրառման մեջ։

Ամենաթարմ